Գորիի մոտ ռուս զինվորները Վրաստանի քաղաքացու են մահացու վիրավորել, ևս մեկին՝ ձերբակալել․ Թբիլիսի

Գորիի սահմաանային հատվածը, արխիվ

Նոյեմբերի 6-ին Գորիի Կիրբալի գյուղի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացու՝ փորձելով նրան բերման ենթարկել, Վրաստանի ևս մեկ քաղաքացի ձերբակալվել է, հաղորդել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանություն և ապօրինի ազատազրկում հոդվածներով։

Վրացական իշխանությունները դատապարտել են ռուսական կողմի գործողությունները։

«Խորապես վրդովված եմ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու վրա անօրինական կալանավորման ժամանակ մահացու կրակոցից»,- գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում՝ սա համարելով «բացահայտ հարձակում վրացական պետականության վրա»։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որոնք «բացահայտ խախտել են միջազգային բոլոր նորմերը»։

«Ամենածանր դեպքն է տեղի ունեցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում, Վրաստանի քաղաքացին սպանվել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կողմից՝ ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է անվտանգային ծանր իրավիճակը և խոսում է օկուպացիայի սարսափելի հետևանքների մասին, որին, ցավոք, խաղաղ բնակիչները ստիպված են դիմակայել Վրաստանի իշխանությունների հետ միասին», - իր հերթին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վաշինգտոնը դատապարտել է Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը։

«Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը Վրաստանում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։ Հայտնում ենք մեր ցավակցությունը։ Այս մահը Վրաստանի ինքնիշխան տարածքի և այլուր Ռուսաստանի շարունակական օկուպացիայի հետևանքով առաջացած ավերածությունների վառ օրինակն է»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Ըստ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Վրաստանի երկու քաղաքացիները «հարբած վիճակում են եղել, մեքենայով խախտել են փաստացի սահմանը, նրանց հայտնաբերել է սահմանապահը»։

«Բերման ենթարկելու փորձի ժամանակ նրանք դիմադրել են՝ վտանգելով սահմանապահների կյանքն ու առողջությունը։ Այդ անօրինական գործողությունները ճնշելու և Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումը կանխելու նպատակով սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ, իսկ օրինական պահանջներին չենթարկվելուց հետո կրակ է բացվել նրանց մեքենայի անիվների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։