Բողոքի ցույցերի, Արևմուտքից հնչող քննադատության և նախազգուշացումների ֆոնին Թբիլիսին պատրաստվում է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարևանի հետ։
Ավելի քան երեքուկես տարի տևած դադարից հետո Ռուսաստանն է անցած օրերին որոշել չեղարկել Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը։ Վրացական ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունները եվրոպական ուղին բռնած երկիրը անշեղորեն վերադարձնում են Ռուսաստանի ուղեծիր, իշխող ուժի ներկայացուցիչներն ի պատասխան հորդորում են իրատես լինել։
Մոսկվա - Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը նախատեսված է մայիսի 19-ին, այն կիրականացնի «Ազիմուտ» ռուսաստանյան ավիաընկերությունը։ Georgian Airways-ի օդանավն էլ Մոսկովյան օդանավակայանում վայրէջք կկատարի մայիսի 20-ին։
Վրացական ընդդիմությունը պատրաստվում է ռուսաստանյան օդանավը դիմավորել բողոքի ակցիաներով, մինչ այդ խորհրդարանից են մեղադրանքներ հնչեցնում իշխանության հասցեին։ «Լելո» խմբակցության ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլին իշխող ուժին հիշեցրել է՝ վրացիների նախընտրած ուղղությունը Եվրոպան է, այլ ոչ թե Ռուսաստանը:
«Ձգտել դեպի Եվրոպա և թռչել Ռուսաստան հնարավոր չէ։ Մեր իշխանությունը քայլ առ քայլ մեզ վերադարձնում է Ռուսաստանի ուղեծիր», - Ասել է «Լելո» խմբակցության ներկայացուցիչը։
Անկախ պատգամավոր Խաթիա Դեկանոիձեի կարծիքով՝ Մոսկվայի հետ ավիահաղորդակցության վերականգնումը լրացուցիչ վտանգներ է պարունակում՝ «Ռուսական կողմն իր օդանավը կարող է օգտագործել ոչ միայն ուղևորներ տեղափոխելու, այլ նաև երկակի նշանակության կամ ռազմական ապրանքներ տեղափոխելու համար»։
Ընդդիմադիրները մտադիր են ծայրահեղ միջոցների դիմել։ «Դրոա» կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան հայրենակիցներին կոչ է արել մայիսի 19-ին գնալ Թբիլիսիի միջազգային օդանավակայան և բողոքի ակցիաներով դիմավորել ռուսական օդանավը։
«Ազիմուտ» ավիրաընկերությանն արգելված է թռչել եվրոպական որևէ երկիր, վայրէջք կատարել Եվրոպական որևէ օդանավակայանում: Մի մոռացեք, որ այս ընկերությունը ներկայացնում է այն երկիրը, որը ռմբակոծել է Վրաստանը։ Այսօր նրանք մարդ են սպանում Ուկրաինայում, իսկ մեր իշխանությունները նրանց ասում են «բարի գալուստ», - հայտարարել է Խոշտարիան՝ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը որակելով «դավաճանություն ազգային շահերին, հարված երկրի ինքնիշխանությանը»։
Վրաստանի իշխանությունները, մինչդեռ, որևէ խնդիր չեն տեսնում հարևան երկրի հետ թռիչքները վերականգնելու հարցում։ Անցած օրերին արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ողջունել էր Պուտինի համապատասխան որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը «կթեթևացնի իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքի պայմանները և նրանց ազատ ու հեշտ շփվելու, ճամփորդելու հնարավորություն կտա»։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդել է՝ ընդդիմությունը շահարկում է հարցը։ Ընդդիմախոսներին նա հիշեցրել է, որ նախկին իշխանությունն է՝ ի դեմս Միխեիլ Սաակաշվիլիի, ազատականացրել ռուսների հետ վիզային ռեժիմը և անձամբ մեկնել Լարսի անցակետ՝ ռուս զբոսաշրջիկներին դիմավորելու։
«Այժմ, երբ այդ քաղաքական ուժը փորձում է շահարկել թռիչքների վերսկսման թեման, սա խոսում է այն մասին, որ նրանք պետության թշնամիներ են։ Մենք գործընկերներից զգուշացումներ լսել ենք, որ չթույլատրված թռիչքներ չպետք է իրականացվեն: Մենք դա հաշվի ենք առնում․ պատժամիջոցների տակ հայտնված օդանավեր Վրաստանում վայրէջք չեն կատարի»,- հավաստիացրել է իշխող ուժի ղեկավարը։
Միջազգային գործընկերների արձագանքը
Թբիլիսիի միջազգային գործընկերների արձագանքը, սակայն, շատ ավելի կոշտ է, քան փորձում էր ներկայացնել «Վրացական երազանքի» ներկայացուցիչը։ Վաշինգտոնը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է նախազգուշացնում՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում Վրաստանի դեմ «հավելյալ քայլեր» կկիրառեն: Այս մասին վերստին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ընդգծելով, որ այժմ Մոսկվայի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ։
Վրաց-ռուսական մերձեցման կապակցությամբ Բրյուսելն իր հերթին ափսոսանք է հայտնել․ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն շեշտել է՝ այդ զարգացումները «մտահոգություն է առաջացնում Վրաստանի եվրոպական ուղու հետ կապված»։
Քննադատություններին զուգահեռ Վրաստանի մայրաքաղաքում նախօրեին երկու բողոքի ցույց է տեղի ունեցել։ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ, որոնք իշխանություններին հորդորում էին օգտվել վերսկսվող թռիչքներից և անվերադարձ մեկնել Մոսկվա։ Խորհրդարանի շենքի մոտ էլ ցուցարարները հավաքվել էին «Մենք չենք կարող Եվրամիություն մտնել ռուսական նավով» կարգախոսի ներքո։
Մինչ այդ ռուսական կողմը ցանկանում է ընդլայնել դեպի Վրաստան թռիչքների աշխարհագրությունը։ Երկրորդ ռուսաստանյան ընկերությունը՝ « ԻրԱէրոն» կառավարությանն է դիմել՝ բացի Թբիլիսիից նաև Բաթումի թռիչք իրականացնելու թույլտվության տալ։