Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քաթարում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումն ավերիչ հետևանք կունենա հենց վրացական տնտեսության համար:
«Մեր երկրում 2008 թվականին կռիվ էր, դուք հիշո՞ւմ եք, որ որևէ մեկը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդուներ: Ոչ ոք աշխարհում համարժեք չարձագանքեց այդ պատերազմին: Եվ ես հարցնում եմ՝ կա՞ր այստեղ տրամաբանություն: Ուրեմն, մեր կռիվը կռիվ չէ, իսկ Ուկրաինայինը կռի՞վ է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա իր ելույթում նշել է, որ Ռուսաստանը 2008-ին գրավել է Վրաստանի տարածքի մոտ 20 տոկոսը, ճանաչել է վրացական պատմական հողում անջատական երկու կազմավորումների անկախությունը, տեղակայել է երկու ռազմակայան, բայց Արևմուտքը շարունակել է գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այդ օկուպացիան դեռ շարունակվում է: Ահա հարցս մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին՝ սիրելի բարեկամներ, դուք շարունակել եք ձեր բիզնեսը, ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ չէր սահմանել: Եվրամիությունը 2008-2022 թվականներին 2.5 տրիլիոն դոլար է վճարել Ռուսաստանին», - ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով` ռուս-վրացական առևտրի տարեկան ծավալը 1 միլիարդ դոլարից քիչ է: Դա Ռուսաստանի և Եվրոպայի առևտրի ընդամենը չորսօրյա ծավալն է: Վրաստանի մեկ միլիարդի առևտուրը չի կարող էապես ազդել Ռուսատանի վրա, քանի որ դա այդ երկրի արտաքին առևտրի 0.3 տոկոսն է, հետևաբար` տրամաբանական չի լինի Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների սահմանումը:
Միաժամանակ, Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունը սատարում է Ուկրաինային և ուկրաինացիներին ու ցանկանում է օր առաջ ավարտված տեսնել այդ պատերազմը:
«Մենք միացել ենք ավելի քան 500 բանաձևերին, ամբողջությամբ հետևել ենք ֆինանսական պատժամիջոցներին: ԱՄՆ Պետական դեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանի ֆինասնական կառույցները, Ազգային բանկը լիովին պահպանել են ֆինանսական պատժամիջոցները», - Քաթարում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: