Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են անում Մոսկվային հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև ռոտացիոն կարգով այդ կառույցում ներկայացված ևս երեք պետություններ՝ Ճապոնիան, Ալբանիան և Մալթան, անցած գիշեր հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Մոսկվային դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել վրացական պետության անբաժան մաս։ Վեց պետությունների դիվանագետների կողմից համաձայնեցված այս հայտարարությունը անցած գիշեր Նյու Յորքում ընթերցեց ՄԱԿ-ում Ալբանիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիթ Հոջան։

«Այսօր մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված կրակի դադարեցման մասին պայմանագրի դրույթները և անհապաղ կերպով դուրս բերել բոլոր զինված և անվտանգության ուժերը Վրաստանի տարածքից։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանից ուղղված և 15-ամյա վաղեմություն ունեցող մեր կոչը՝ չեղարկել Վրաստանի տարածաշրջաններ հանդիսացող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիայի) այսպես կոչված՝ անկախության ճանաչման մասին որոշումները», - նշված է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան մշտական անդամներն ու դրանց կրտսեր դաշնակիցները նաև պնդում են, որ 2008-ին Վրաստանում տեղի ունեցածն ինչ-որ տեղ կանխորոշեց նաև այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։

«2008 թվականի ներխուժումը Վրաստան՝ Ռուսաստանի կողմից հարևան պետությունների ինչպես նաև եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետության հանդեպ առավել ագրեսիվ մոտեցումներ որդեգրելու վկայությունն էր։ Ինչպես մենք տեսնում ենք այսօր Ուկրաինայում. Ռուսաստանը հետագայում ևս շարունակեց շարժվել այդ ուղղությամբ: Իսկ մենք շարունակում ենք հաստատակամորեն պաշտպանել Վրաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - նշված է դեսպանների հայտարարության մեջ։

«Ինչպիսի երեսպաշտություն», -հայտարարության հրապարակումից անմիջապես հետո այսպես արձագանքեց ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին։ Twitter-ում արված գրառման մեջ ռուս դիվանագետը պնդել է, որ հենց Միացյալ Նահանգներն ու դրա դաշնակիցներն էին, որ «2008 թվականին դրդեցին Սաակաշվիլիի վարչակազմին գնդակոծել խաղաղ Ցխինվալը և հարձակվել ռուսաստանցի խաղաղապահների վրա, ինչը միջազգային իրավունքի նորմերի աղաղակող խախտում է»։

«Վրաստանը տարածքները կորցրել է այդ խելահեղ արկածախնդրության պատճառով», - գրել է Պոլյանսկին։

Ռուս-արևմտյան դիվանագիտական այս փոխհրաձգության ֆոնին բուն Վրաստանում 2008-ի պատերազմը շարունակում է ներքին սուր բանավեճերի առիթ մնալ։ Օգոստոսի 8-ին՝ պատերազմի բռնկման 15-ամյակին նվիրված սգո արարողությունների ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկ անգամ ևս կրկնել է, որ նախկին իշխանությունները ցանկության դեպքում կարող էին խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։

«Մենք բազմիցս ասել ենք, որ այդ պատերազմից կարելի էր խուսափել։ Ես տիրապետում եմ այն տեղեկատվությանը, թե ինչպես էին զարգանում իրադարձություններն այն ժամանակ։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը անպատասխանատու վարք դրսևորեց՝ մեր զինծառայողների հերոսական ու անձնազոհ գործողությունների ֆոնին», - նշել է Ղարիբաշվիլին։

Այսօր արդեն Շինդիսի գյուղում զոհված 17 վրաց զինվորականների հիշատակին նվիրված արարողության ընթացքում Վրաստանի վարչապետն էլ ավելի զարգացրեց երեք օր առաջ հնչեցրած իր միտքը՝ անդրադառնալով պատերազմի կոնկրետ դրվագներին։

«Ցավոք սրտի, սա նաև մեր խայտառակությունն է, քանի որ այս օրը՝ 2008-ի օգոստոսի 11-ին, անասաելի վախկոտություն ցուցաբերեց այդ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը։ Դուք հիշում եք, որ Սաակաշվիլին, որն այստեղ էր ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ միասին, վախեցավ ինքնաթիռի ձայնից, և մինչ մեր մեր հերոսներն իրենց կյանքն էին զոհում, փախչում էր։ Ամբողջ աշխարհը տեսավ նրան՝ սարսափահար գետնին պառկած։ Դա վկայում է, որ առյուծ տղաներով համալրված մեր բանակը անձնուրաց կերպով կռվում էր։ Այն, սակայն, վախկոտ, ծախու դավաճան մարդ էր ղեկավարում», -հայտարարել է Ղարիբաշվիլին։

Անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին բավական արագորեն հակադարձեց հնչող քննադատությանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Մենք, իհարկե, կարող էինք խուսափել պատերազմից, եթե կատարեինք Մոսկվայի պահանջները, այն է՝ հրաժարվեինք կոռուպցիայի դեմ պայքարից, քանի որ հենց նման սխեմաների վրա էր հիմնված ռուսական ազդեցությունը, հրաժարվեինք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու մտադրությունից, համաձայնեինք, որպեսզի մեր անվտանգության ծառայությունները ղեկավարեին ռուսական գործակալները, Ասլան Աբաշիձեին թողնեինք Աջարիայի ղեկին և չիրականացնեինք որևէ բարեփոխում, որովհետև Մոսկվայում դա վտանգավոր նախադեպ էին համարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG