Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողության կտրվի համարժեք պատասխան․ Բաքուն՝ Վաշինգտոնին

Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողության կտրվի համարժեք պատասխան, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասախան ԱՄՆ-ից հնչող հայտարարությունների։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը Հայաստանին սխալ ուղղությամբ է առաջնորդել, աջակցել է Ադրբեջանի տարածքներում անօրինական ռեժիմի առկայությանը, հնարավորություններ ստեղծել ԱՄՆ անջատողականների այցերի համար՝ պաշտպանելու իրենց անօրինական գործունեությունը և հատկացնելով ֆինանսական ռեսուրսներ»։

«Եթե ԱՄՆ-ն այլ կերպ վերաբերվեր Ադրբեջանին, ինչպես նաև միջազգային խաղաղության ու անվտանգության սպառնալիքներին, ապա հարցը կլուծվեր խաղաղ ճանապարհով», - ասել է Հաջիզադեն՝ շեշտելով, որ հենց միջնորդական ջանքերի ձախողումը դրդեց Ադրբեջանին «ազատագրել իր հողերը ռազմական ճանապարհով»։

«Ուստի Միացյալ Նահանգները նույնպես պատասխանատու է անցյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր անգործության համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Ըստ ԱՊԱ-ի՝ նա ընդգծել է «տարածաշրջանում ագրեսոր Հայաստանին աջակցելու քաղաքականությանը վերջ դնելու կարևորությունը, որը հանդիսանում է խաղաղության և կայունության ապահովման հիմնական խոչընդոտը»։

«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի», - եզրափակել է ադրբեջանցի դիվանագետը։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ «առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման» հավանականություն է տեսնում․ ինստիտուտը կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է տվել։ Լեմկինի ինստիտուտի մտահոգության հետ կապված երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ