Ազգային Ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանի տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ փաստաթղթերի փոխանակության արդյունքում է հայկական կողմը եզրակացրել, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։
Երկու օր առաջ այդ պնդումն արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով համաձայնեցված սկզբունքները՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում՝ հիմնվելով Խորհրդային Միության վերջին քարտեզների վրա և տարածաշրջանային ապաշրջափակում՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը նույն օրը հայտարարեց՝ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։
Հայաստանի արտգործնախարարը վերջին անգամ՝ սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ էր հայտարարել, որ Բաքուն Երևանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել, բառացիորեն 4 օր անց էլ ասել՝ ամենակենսական հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունները պահպանվում են։
Արդյո՞ք Հայաստանը պատասխանել է, թե՝ ոչ, Արտգործնախարարությունից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել։
Մոտ 1.5 տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկություններ փոխանակել։
«Հիմնական խնդիրները հենց տարածքային ամբողջականության հետ էր կապված, քարտեզների հետ էր կապված, այսպես կոչված, միջանցքի հետ էր կապված: Հայտարարություններ են հնչում Թուրքիայից ու Ադրբեջանից, որոնք նույնպես լավատեսության հիմք են տալիս, որ ըստ էության մենք մտել ենք մի փուլ, որը, ենթադրաբար, պետք է բերի 24 թվականին խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սկզբունքները համաձայնեցված են, դետալներն են մնացել», - նշեց Պապոյանը:
Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը անկլավների հարցը դետալների շարքում թվարկեց։
Ըստ պատգամավորի՝ սահմանազատումն ու սահմանագծումը միայն հայկական ու ադրբեջանական անկլավներով չի սահմանափակվում։ Կան մի շարք հայկական գյուղերի հողատարածքներ, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են։ Կարող է լինել որոշում, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն, հնարավոր է, որ եղած իրավիճակը պահպանվի՝ Արծվաշենը մնա Ադրբեջանի կազմում, մյուսները՝ Հայաստանի։
«Խորհրդային Միության քարտեզով, այո, կան որոշ անկլավներ, որտեղ այդ անկլավների վրա, կարծես թե որոշակի այդպիսի տեղեր կան, բայց այդ նույն քարտեզներում կա Արծվաշեն, որն այդ բոլոր անկլավներից ավելի մեծ է իր տարածքով, և եթե այդպես է, ուրեմն պետք է իմ ասած տրամաբանությունը գործի: Ես կարծում եմ՝ պետք է քաղաքական որոշումներ կայացվեն կողմերի մինջև՝ ինչպես է անցնելու ճանապարհը: Սատանան դետալների մեջ է», - նշեց պատգամավորը:
Արթուր Խաչատրյանը անկլավների թեման սկզբունքային հարց է համարում
Անկլավների թեման ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունին Արթուր Խաչատրյանը դետալ չի համարում, այլ՝ սկզբունքային հարց:
«Տեսեք Փաշինյանն ինչ է ասում, որպեսզի հիմնավորի տարածքային կորուստները, որն Ադրբեջանը պահանջում է, այսինքն, Հայաստանից տարածքային զիջումներ, ասում է՝ դե ինչ-որ բան էլ մենք ենք Ադրբեջանից գրավել, և ի՞նչ ենք գրավել, 150 քառակուսի կմ իր օրոք Ադրբեջանը Հայաստանից տարածք է գրավել և չի էլ ասում, որ ինքը դուրս է գալու», - ասաց Խաչատրյանը:
Ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս չի գալիս, ըստ Պապոյանի, որովհետև խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ. - «Ենթադրում եմ՝ դա մեկ փաթեթով է լինելու, հստակ պետք է պայմանավորվածություն լինի, որ կա քարտեզ, քարտեզներից նայելու ենք, օրինակ, էս բլրից, ենթադրենք, իրենք գնում են, այս ձորից իրենք գնում են, սահմանն անցնում է այս անտառափեշով, այստեղ ճիշտ են կանգնած ու սենց շարունակ»:
Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, թե անկլավները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն՝ դրանցով դեպի Իրան ու Վրաստան միջպետական ճանապարհներն են անցնում։ Արդյոք Հայաստանն ամեն ինչ անելու է, որ դրանք պահի:
«Հայաստանն ամեն ինչ անելու է՝ պահի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը չպետք է քյալագյոզություններով զբաղվի, որի արդյունքում Հայաստանի մի երկու մարզն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ունենանք նորից տասնյակ հազարավոր զոհեր և որի արդյունքում Հայաստանն, օրինակ, հերթական անգամ «խորհրդայինանա»: Այդպես ուզելը քիչ է, աշխարհը համաձա՞յն է քո ուզելու հետ, դա շատ ավելի կարևոր է», - ասաց իշխանական պատգամավորը:
Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն էլ նշեց. - «Հիմա Փաշինյանը կասի՝ եթե դուք այդ սահմանը չեք ճանաչում, դուք Ադրբեջանին լեգիտիմ իրավունք եք տալիս պատերազմ սկսել, վախեցնում, շանտաժի է ենթարկում ժողովրդին»:
Գևորգ Պապոյանի ենթադրում է՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները Ռուսաստանն է տրամադրել կողմերին, բայց պատգամավորի տեղեկություններով, այդ քարտեզների կրկնօրինակները Ռուսաստանից բացի նաև այլ երկրներում են եղել։ Խոսքը 74-75 թվի քարտեզների մասին է։
«Մի քիչ չափից ավելի լավատես կլինենք, կարծես թե ժամանակ չկա, մեծ հաշվով եկեք համարենք, որ այս տարին ավարտվեց, ոչինչ չբացառելով, ինձ համար 24-ն էլ հաջող կլինի, եթե մենք դա կնքենք», - ընդգծեց նա:
Պաշտոնյաները 2022-ին հույս ունեին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև անցած տարեվերջ, այս տարի՝ մինչև այս տարեվերջ, հիմա արդեն՝ 24 թվականից են խոսում։