Եվգենի Պրիգոժինը՝ տխրահռչակ «Վագներ» ռազմական ընկերության առաջնորդը, որը դարձել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առանցքային դեմքը, ապա ապստամբության փորձ նախաձեռնել Կրեմլի դեմ, ենթադրաբար մահացել է Մոսկվայի հյուսիսում երեկ երեկոյան տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ինքնաթիռի կործանումից կարճ ժամանակ անց հրապարակեց օդանավի զոհերի՝ անձնակազմի երեք անդամների և յոթ ուղևորների ցուցակը։ Ցանկում Եվգենի Պրիգոժինից բացի, նրա մերձավոր դաշնակիցը համարվող, «Վագների» համահիմնադիր Դմիտրի Ուտկինի անունն է, մի խումբ վագներականներ, այդ թվում՝ 1985 թվականին ծնված Եվգենի Մակարյանը։ Վերջինիս անունը ներառված է Ուկրաինայի «Միրոտվորեց» պատժամիջոցների բազայում։
Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի տասը զոհերի մարմինները կամ դրանց մնացորդները, որոնք ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների՝ ուղարկվել են փորձաքննության՝ զոհերի ինքնությունը պարզելու համար։ Պրիգոժինի և Ուտկինի մահը ոչ Կրեմլը, ոչ էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն հաստատել։
Օդանավի կործանման վարկածների մասին Ռուսաստանի իրավապահները չեն խոսում․ միջադեպից րոպեներ անց հարուցված քրեական գործը արտակարգ պատահարի փաստով է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի Մոգիլևի շրջանի մոտ գտնվող «Վագներ» -ի ճամբարն աստիճանաբար ապամոնտաժվում է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կործանված օդանավում գտնվող բոլոր 10 անձանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են
Ինչի հետևանքով է 3 հազար մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռը կործանվել՝ ներսի՞ց է պայթել, ներքևի՞ց է խոցվել, թե՞ անվտանգության կանոնների խախտման հետևանք էր․ այս հարցերի պատասխանները դեպքից մեկ օր անց հայտնի չեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապել է հայտարարել՝ Կիևը որևէ առնչություն չունի վագներականներին պատկանող օդանավի կործանման հետ․- «Բոլորը գիտեն, թե ով դրա հետ կապ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին առանց հստակեցնելու, թե կոնկրետ ում նկատի ունի ինքը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիան Ուոթսոնը դեռ երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Վաշինգտոնում տեղյակ են ինքնաթիռի կործանման մասին հաղորդումների մասին և չեն զարմանա, եթե պարզվի, որ Պրիգոժինն օդանավում էր։
Սպիտակ տան ղեկավարն էլ գրեթե նույն պատասխանն է հնչեցրել՝ մասնավորապես հայտարարել, թե չգիտի, թե ինչ է պատահել «Վագների» առաջնորդի հետ, բայցև չի զարմանա, եթե նրա մահը հաստատվի։ Բայդենը միաժամանակ ընդգծել է՝ Ռուսաստանում առանց նախագահ Վլադիմիր Պուտինի իմացության շատ քիչ բան է կատարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ը դադարեցրել է վարձկանների հավաքագումը»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կործանված ինքնաթիռի ուղևորների թվում նշվում է Պրիգոժինի անունը
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի իշխանությունների երբեմնի դաշնակիցը, չնայած Պուտինի հետ տասնամյակների ընկերական կապերին, վերջին ամիսներին դարձել էր Կրեմլի և Ռուսաստանի քաղաքական էլիտայի գլխավոր ընդդիմախոսը։ Պրիգոժինը, որի գլխավորած «Վագները» աշխարհի ամենաթեժ կետերում՝ Աֆրիկայից մինչև Սիրիա և Ուկրաինա, զինված հակամարտությունների է մասնակցել Կրեմլի հովանու ներքո, վերջին ամիսներին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը անարդյունավետ քայլերի, Ուկրաինայում կրած մեծ կորուստների համար: Կրքերը կիզակետին հասան ուղիղ երկու ամիս առաջ. Պրիգոժինը հայտարարեց դեպի Մոսկվա տանկերով երթի մասին՝ պնդելով, թե գնում է պատժելու մեղավորներին»: Զինված խռովությունը, սակայն, ընդամենը մի քանի ժամ տևեց: Այդուհանդերձ, այդ զինված ապստամբությունը գնահատվեց որպես Պուտինի ամենամեծ մարտահրավերը երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:
«Վագների» ստորաբաժանումները դադարեցրին իրենց առաջխաղացումը Բելառուսի նախագահի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում: Կրեմլի ղեկավարը տեղի ունեցածը դավաճանություն և հարված թիկունքից որակեց՝ սպառնալով պատժել ապստամբներին, և չնայած զինված խռովության արյունալի դրվագներին, այդ թվում՝ ավելի քան մեկ տասնյակ զոհերին, «Վագների» պարագլուխը չձերբակալվեց, նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, վարձկաններն էլ տեղափոխվեցին Բելառուս։
Ում ձեռքի գործն է Պրիգոժինի ենթադրյալ սպանությունը, և արդյոք նա իսկապես սպանվել է․ այս հարցերի պատասխանները չկան։ Փոխարենը ռուսաստանցի փորձագետները համոզված են՝ «Վագների» բուռն գործունեության էջը երեկ Տվերի մարզում տեղի ունեցած առեղծվածային վթարով մեկընդմիշտ փակվեց։ Այդ մասին են թերևս վկայում Բելառուսից ստացվող տեղեկություններն ու արբանյակային լուսանկարները, որոնք փաստում են, որ «Վագների» ընդամենը երկու ամիս առաջ կառուցված վրանային ճամբարը ապամոնտաժվում է։ Թե որտեղ են տեղափոխվում ռուսաստանյան բանտերից հավաքագրված դատապարտյալները, հայտնի չէ։ Լրատվամիջոցները նախ փորձում են պարզել, թե ինչ նպատակով է Պրիգոժինին պատկանող մեկ այլ Embraer բիզնես ջեթը ժամանել Բաքու, և ովքեր են եղել այդ օդանավում։
Մասնավոր այդ ինքնաթիռը, ըստ Flight radar-ի, Մոսկվայից Ադրբեջանի մայրաքաղաք էր ուղևորվել երեկ, սակայն վթարից հետո վայրէջք է կատարել մերձմոսկովյան «Օստաֆևո» օդանավակայանում և միայն այսօր է շարունակել թռիչքը։