Ղրղըզստանում երկրորդ քաղաքացին է ձերբակալվել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման կազմում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, հաղորդում է «Ազատության» ղրղըզական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ձերբակալվածը 27 տարեկան տղամարդ է, ով, ըստ հարազատների, ռազմաճակատ է ուղարկվել ռուսական բանտից, որտեղ հայտնվել էր թմրամիջոցներ պահելու կասկածանքով։ Օգոստոսի 1-ին նա վերադարձել է հայրենիք, որտեղ և ազատազրկվել է, պատմել է կինը, հավելելով՝ «նրան ստիպել են բանտից ռազմաճակատ գնալ»։
«Վագներ»-ը անցած մեկ տարում հազարավոր բանտարկյալների է ներառել իր շարքերում՝ խոստանալով չեղարկել պատժաչափերը, եթե նրանք առնվազն կես տարի կռվեն Ուկրաինայի դեմ։ Ղրղըզստանի իշխանություններն ավելի վաղ հորդորել էին իրենց քաղաքացիներին երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների չմասնակցել, ընդգծելով, որ այդ դեպքում կարող են հայրենիքում 10 տարվա ատազազրկման դատաապարտվել: