Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին այսօր հայտարարել է, որ Բելառուսում գտնվող «Վագներ» խմբավորման ավելի քան 100 վարձկաններ տեղակայվել են այսպես կոչված՝ Սուվալկի միջանցք՝ Լեհաստանի և Լիտվայի սահմանների մոտ։
Սուվալկի միջանցքը Լեհաստանն ու Լիտվան կապող տարածք է, որի լայնությունը մոտ 100 կիլոմետր է։ Այդ տարածքից դեպի հյուսիս-արևմուտք Ռուսաստանի Կալինինգրադի մարզն է, հարավ-արևելքում՝ Բելառուսի տարածքը։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հիպոթետիկ զինված հակամարտության մասին տարբեր հրապարակումներում հաճախ է նշվում, որ նման հակամարտության պարագայում Ռուսաստանը, կտրելով այս միջանցքը, կարող է Բալթյան երկրները կտրել Լեհաստանից և, հետևաբար, Արևմտյան Եվրոպայից։
Մորավիեցկին չի հստակեցրել, թե որտեղից է ստացել վագներականների տեղաբաշխման մասին տվյալներըմ և որոնք կարող են լինել նրանց առաջադրանքները: Նրա գնահատմամբ՝ այդ զարգացումը «քայլ է դեպի նոր հիբրիդային հարձակում Լեհաստանի տարածքում»: Լեհ պաշտոնյան հիշեցրել է, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Բելառուսի տարածքից Լեհաստանի և ԵՄ այլ երկրների սահմաններն ապօրինի հատելու փորձերը, և ենթադրել, որ «Վագների» զինյալները կարող են թե՛ միգրանտներին օգնել լեհական սահմանը հատելիս, թե՛ իրենք, ներկայանալով որպես միգրանտներ, փորձել հատել սահմանը։
«Վագները» և Բելառուսի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Մորավիեցկու պնդումները։ Լեհաստանի վարչապետի խոսքերը անկախ աղբյուրները ևս դեռ չեն հաստատել։