Մատչելիության հղումներ

Պրիգոժինի վարկանիշը Ռուսաստանում ընկել է, բայց միևնույն է համեմատաբար բարձր է


Ռուսաստան - «Վագներ»-ի լիդեր Եվգենի Պրիգոժինը և խանդավառված բնակիչները, Դոնի Ռոստով, 24-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստան - «Վագներ»-ի լիդեր Եվգենի Պրիգոժինը և խանդավառված բնակիչները, Դոնի Ռոստով, 24-ը հունիսի, 2023թ.

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի վարկանիշը Ռուսաստանում ձախողված հեղաշրջումից հետո կիսով չափ կրճատվել է, բայց միևնույն է համեմատաբար բարձր է մնում:

«Լևադա» հանրային կարծիքի հետազոտության կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, նախքան խռովությունը Պրիգոժինի դիրքորոշումներին հավանություն է տվել բնակիչների 58 տոկոսը:

Հարցումն անցկացվել է հունիսի 22-28-ը: Խռովությունից հետո, որը «Վագներ»-ի հիմնադիրն անվանել է «արշավ Մոսկվայի վրա հանուն արդարության», նրա գործողություններին հավանություն է տվել հարցվածների 29 տոկոսը:

Սոցիոլոգները նաև Պրիգոժինի հանդեպ հանրային ընկալումների դինամիկան են նկարագրել: Խռովությունից առաջ հանրությունը նրան համարել է «ճշմարտության մարտիկ», «իրական լիդեր», «հայրենասեր» և «հաղթական գեներալ»:

Խռովությունից հետո ի հայտ են եկել բացասական գնահատականներ: Պրիգոժինին շատերը սկսել են ասել, թե նա «ապստամբություն է սկսել», «Ռուսաստանի դեմ է գնում» և «երազում է միայն իշխանության մասին»:

Խռովությունը հարված է հասցրել նաև Պրիգոժինի քննադատության թիրախ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որի անձնական վարկանիշը 60 տոկոսից իջել է մինչև 48 տոկոս:

Ըստ «Լևադա» կենտրոնի՝ խռովությունը գործնականում չի ազդել նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա, որը հունիսի 23-ին 79 տոկոս է կազմել, իսկ հունիսի 28-ին՝ 82 տոկոս:

Մինչդեռ «Մեդուզա» կենտրոնի պնդմամբ, Կրեմլում մի վստահելի աղբյուր ռուսական շրջանների ղեկավարների հետ զրույցում ասել է, որ Պուտինի վարկանիշը խռովության կապակցությամբ 9-ից 14 տոկոսի անկում է գրանցել, և այդ միտումը կանխելու համար վարչակազմը որոշել է, որ նախագահն առավել հաճախ պետք է ներկայանա հանրությանը և շփվի բնակիչների հետ:

XS
SM
MD
LG