Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը չվերականգնելու ու փոխարենը Աղդամով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկի նպատակը նոյեմբերի 9-ի հայտարությունը վերանայելու փորձ է, հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող այս մոտեցումը խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, հակասում միջազգային հումանիտար իրավունքին։
Ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից: Այս նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է, - նշում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Տարածած հայտարարությամբ Արցախի արտգործնախարարությունն անդրադարձել է երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում հրապարակված տեղեկատվական արտահոսքին, որի համաձայն, Ռուսաստանի արտգործնախարարն Սերգեյ Լավրովն առաջարկել էր բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից մեկ օր անց անց էլ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Կրեմլին մոտ կանգնած պարբերականի աղբյուրը պնդել էր, թե Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո հունիսի 29-ին տեղի էր ունեցել սրտի վիրահատության համար կարմիր Խաչի մեքենայով Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, որին հենց Լաչինի միջանցքից տարան Բաքու, կալանավորեցին ու ծանր հանցանքների մեջ մեղադրեցին։ Այս իրադարձություններից հետո, ըստ Կոմերսատնի, փոխզիջումը տեղի չի ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն առաջարկել էր բացել Աղդամի ճանապարհը, մեկ օր անց՝ Լաչինը․ «Կոմերսանտ»Ստեփանակերտից հայտարարում են, թե Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի դիրքորոշումը հիմնված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը։
«Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց», - շեշտել է Արցախի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով հենց Ռուսաստանի արտգործնախարարի՝ այս փետրվարին Բաքվում արած հայտարարությունը, թե Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի տեղադրումը եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողություններըԲաքվից ևս արձագանքել են «Կոմերսանտի» հրապարակմանը՝ հաստատելով տեղեկատվական արտահոսքը։ Ընդ որում՝ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն պնդել է, թե հայերը տապալել են Աղդամի ճանապարհով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո բեռներ տեղափոխելու, դրանից 24 ժամ հետո էլ Լաչինի ճանապարհով, նույն Կարմիր խաչի հովանավորությամբ, փոխադրումներն ակտիվացնելու մասին պայմանավորվածությունները։
Արցախի արտգործնախարարություն, սակայն, ընդգծում է՝ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքը օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց տարհանման, և գուցե ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխման համար՝ ընդ որում Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիզադե․ «Հայերը տապալել են Աղդամի ճանապարհի բացումը»Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն երեկ «Ազատության» հետ զրույցում շեշտել էր՝ Ստեփանակերտում պատրաստ են այլընտրանքային տարբերակները քննարկել միայն այն բանից հետո, երբ ապահովվի Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։
«Ո՞վ է ասել, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի միայն հումանիտար բեռների շնորհիվ, որտե՞ղ է դա գրված, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պետք է հումանիտար բեռով ապրի, իսկ հիմա այդ տարբերակները, որոնց մասին խոսվում է եվրոպական և ռուսաստանյան հարթակում, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը պետք է միայն ապրի հումանիտար բեռով՝ դա կլինի Լաչինի միջանքով, թե Աղդամով, իրենց համար տարբերություն չկա», - շեշտել էր Հարությունյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ. Ստեփանակերտից արձագանքում են «Կոմերսանտ»-ի հրապարակմանըԱրդրբեջանի արտգործնախարարության խոսնակը երեկ ևս մեկ բացահայտում է արել՝ պնդելով, թե Բաքվի առաջարկությամբ համաձայնեցվել էր Եվլախում Ղարաբաղի ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հանդիպումը, բոլոր նախապատրաստական և լոգիստիկ միջոցառումները կատարվել էին, բայց այդ հանդիպումը ևս տապալվել է։
Ստեփանակերտից այս տեղեկությանը դեռ չեն անդրադարձել։ Անցած կիրակի՝ Արցախի հանրայինին տված հարցազրույցում Արցախի նախագահն ասել էր՝ կարծես թե լուռ համաձայնություն կամ որոշում կա, որն բոլոր կողմերն ուզում են Ադրբեջանի հետ երկխոսություն պարտադրել Ստեփանակերտին՝ Բաքվի օրակարգով:
«Ցանկացած երկխոսություն պետք է իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի, այս երեք սկզբունքները խախտված են, այդ պատճառով էլ նման հանդիպումները չեն կարող համարվել երկխոսություն», -ասել էր Արայիկ Հարությունյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը հորդորում է ՀՀ իշխանություններին զերծ մնալ Արցախի ինքնորոշումը կասկածի տակ դնող քայլերից