Մատչելիության հղումներ

«Բաքվին կոչ եմ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»․ Փաշինյան


ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում խանութները արտաքին մատակարարումներ չեն ունեցել 2022-ի դեկտեմբերի 12-ից, իսկ այս տարվա հունիսի 15-ից էլ Ադրբեջանն արգելափակել է դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները նաև ԿԽՄԿ-ի միջոցով։

Ադրբեջանի այս քայլը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում դիտարկելուց բացի այլ բացատրություն չունի, ասաց գործադիրի ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։

«Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ 120 հազար մարդ կանգնած է սովի վտանգի առաջ։ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։

Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր տարածքային ամբողջականության հանդեպ։ Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

XS
SM
MD
LG