Խոշոր հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու պահանջներ, տարածաշրջանի շրջակա միջավայրը աղտոտելու մեղադրանքներ և այլն. Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ադրբեջանական արշավը սկսվեց սահմանամերձ Երասխում հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցման մեկնարկից հետո։
Նախիջևանին սահմանակից բնակավայրում գործարանի կառուցումը քննադատելուց զատ Ադրբեջանը պարբերաբար կրակում է շինհրապարակի ուղղությամբ, հունիսին երկու շինարար վիրավորվեց։
Բաքուն պահանջում է իրենց հետ համաձայնեցնել մետաղաձուլական գործարանի նախագիծը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Էսպոյի՝ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան, այս մասին նաև անձամբ նախագահ Իլհամ Ալիևն է խոսել։ Պաշտոնական Երևանն ու հայ բնապահպաններն արձագանքում են՝ Ադրբեջանի պահանջը տեղին չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄ նախարարություն«Կոնվենցիայում շատ ստույգ գրված է՝ եթե կողմերը ունեն ինչ-որ կոնֆլիկտային վեճ, կան մեխանիզմներ, Ադրբեջանը չի դիմել այդ մեխանիզմներին», - նշեց բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Հիմնավո՞ր են Ադրբեջանի պնդումները և ի՞նչ է գրված Էսպոյի կոնվենցիայում.
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1991-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ստորագրված այս փաստաթուղթը նախատեսում է, որ երկիրը հնարավորինս սեղմ ժամկետներում, մինչ պոտենցիալ վտանգավոր նախագծի մասին սեփական հանրությանը ներկայացնելը, խորհրդակցություններ սկսելու նպատակով պետք է ծանուցի այն պետություններին, որոնք կարող են դրա շահագործման բացասական հետևանքները կրել։
Կոնվենցիայի առաջին հավելվածում նշված են գործունեության այն տեսակները, որոնք ենթակա են ծանուցման, դրանք են, մասնավորապես, նավթամշակման գործարանները, ջերմաէլեկտրակայաններն ու ատոմակայանները, ավտոմայրուղիների, օդանավակայանների կառուցումը, մեծ տրամագծով նավթատարներն ու գազատարները, անտառահատումները և այլն։
Պահանջելով իրենց հետ համաձայնեցնել գործարանի կառուցումը, Ադրբեջանն, ըստ էության, այս հավելվածի 4-րդ կետն է հիմք ընդունում՝ պողպատի և չուգունի ձուլման և գունավոր մետաղի արտադրության խոշոր կայաններին առնչվող դրույթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջովՀայաստանի կառավարությունն արձագանքում է՝ Երասխում նախատեսվում է սև մետաղի ջարդոն վերամշակել, ինչն Էսպոյի կոնվենցիայում պարզապես ընդգրկված չէ։
Փաստաթղթի մեկ այլ հավելված էլ սահմանում է ցանկում չներառված ձեռնարկությունների բնապահպանական նշանակությունը որոշող ընդհանուր չափանիշները։ Այս կամ այն գործունեությունը կարող է պետությունների միջև քննարկման առարկա դառնալ, եթե այդ ձեռնարկությունը խոշոր է, գործում է էկոլոգիայի տեսանկյունից զգայուն տարածքում և այլն։
Հայաստանի իշխանություններն ու բնապահպաններն այս կետն էլ են վերծանում՝ Երասխում նախատեսվում է տարեկան 108 հազար տոննա արտադրողականություն, ինչը փոքր է համարվում: Խոշոր կհամարվեր, եթե մեկ միլիոն տոննայից ավելի արտադրեր, բացատրում է բնապահպան Ինգա Զառաֆյանը։
«Եթե տարեկան մեկ միլիոն տոննա ծավալ կա և ավելի, ուրեմն դա արդեն ենթակա է կոնվենցիայի դիտարկմանը, բայց ՇՄԱԳ-ում գրված է՝ 100 հազար տոննա, այսինքն, 10 անգամ քիչ», - նշեց Զառաֆյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունից այս թեմայով հարցազրույց տալ չցանկացան։ Գերատեսչությունն ադրբեջանական մեղադրանքներին պաշտոնական հաղորդագրություններով է արձագանքում:
«Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին», - օրերս հայտարարեց նախարարությունը։
«Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը փորձում է բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել Երևանին. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ անդրադառնալով ադրբեջանական այս պահանջներին շեշտեց՝ Բաքուն փորձում է բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել Երևանին։ Փաշինյանը, սակայն, թեմայի վերաբերյալ երկար չխոսեց, միայն հիշատակեց ԱՄՆ Յեյլի համալսարանի պետությունների բնապահպանական վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրներից 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 104-ը։
Եթե Բաքվի պնդումը հիմնավոր լիներ, նրանք արդեն իսկ կդիմեին Էսպոյի կոնվենցիայի քարտուղարություն՝ իրավական գործընթաց սկսելու համար, շեշտում են հայաստանցի փորձագետներն ու արձանագրում՝ Ադրբեջանը նախկինում երբեք այս փաստաթղթի մեխանիզմներով իր ոչ մի ձեռնարկության վերաբերյալ չի ծանուցել Հայաստանին, այնինչ, շրջակա միջավայրին հասցվող վնասներն այնտեղ շատ ավելի շոշափելի են։
Էսպոյի կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանն ու Հայաստանը մինչ այս միմյանց դեմ մեկական հայց են ներկայացրել. 2011-ին Բաքուն միջազգային կառույցից պահանջել էր քննել Մեծամորի ատոմակայանի նոր ռեակտորի հարցը, որը մինչև հիմա չի էլ կառուցվել։ Նույն տարի հայց նաև Երևանն էր ներկայացրել՝ նավթագազային 6 նախագծերի՝ կոնվենցիային համապատասխանելիությունը ստուգելու համար։