Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Երասխում կառուցվող խոշոր «մետալուրգիական» գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ գործարանի շինարարության դադարեցման պահանջով Հայաստանի բնապահպանության նախարարին է դիմել նրա ադրբեջանցի պաշտոնակից Մուխթար Բաբաևը։ Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն արդեն իսկ «Սահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի» (ЕSPOO կոնվենցիա) շրջանակում պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնել։ «Բաքուն պահանջում է դադարեցնել գործարանի շինարարությունը, մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - նշված է ադրբեջանցի նախարարի ուղերձում։
Հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը ոչ թե մետալուրգիական է, այլ՝ մետաղաձուլական, և շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում: