Մատչելիության հղումներ

Երասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալում


Երեկ և նախօրեին սահմանամերձ Երասխի ուղղությամբ Նախիջևանի դիրքերից հնչած կրակոցներից հետո այսօր գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը կանգնած էր։ Շինարարներն ու ընկերության ղեկավարները, սակայն, տարածքում էին՝ մոտ 40 երկրի հայաստանյան ներկայացուցիչներին պատմելու երեկ տեղի ունեցածի մասին։

«Մենք հաստատակամ ենք շարունակելու, պատկան մարմինների հետ կոմունիկացիայից և մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո կշարունակենք», - ասացին նրանք։

Օտարերկրացի դիվանագետների շարքում էին Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ։

Ադրբեջանական թիրախում սահմանին կառուցվող մետաղի մշակման գործարանն է եղել, որն այժմ շինարարական հրապարակ է։ Այստեղ աշխատանքները սկսվել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն անցյալ շաբաթ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները։

«Ամսի 13-ից հետո շարունակել են աշխատանքները խաղաղ բնակիչները, գործարանի աշխատողները, սակայն ամսի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հրադադարի ռեժիմի խախտմամբ հրաձգություն է վարվել կոնկրետ գործարանի տարածքում», - ասաց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը, ում խոսքով՝ դիվանագետների հետ զրույցի համար հատուկ ընտրել էին այսպիսի վայր, որ թիկունքում պատ լինի, և դեսպանությունների ներկայացուցիչները պաշտպանված լինեն, քանի որ անգամ դեսպաններն ապահովագրված չեն ընդամենը 500 մետր շինհրապարակից հեռու ադրբեջանական դիրքերից։

Կարող է արդյո՞ք գործարանն առաջացնել բնապահպանական ռիսկեր. Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը վստահեցնում է՝ ամերիկյան ներդրումներով՝ մոտ 70 միլիոն դոլարով կառուցվող գործարանը համապատասխանելու է բնապահպանական անվտանգության միջազգային պահանջներին։

«Ադրբեջանի գործողություններն ուղղակի միտում են խանգարելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը», - ասաց Թևոնյանը։

Գործարանի աշխատողները պատմեցին, որ կրակոցները միանգամից են սկսվել, ոմանք փորձել են թաքնվել կառուցված պատերի հետևում, մյուսները պառկել են հատակին։

«Բոլորը թաքնվեցին անկյուններում, պառկեցին հատակին, թաքնվեցին որտեղ որ հնարավոր էր, որովհետև կրակում էին հենց աշխատող մարդկանց ուղղությամբ։ Կրակոցները նախօրեին երեկոյան էին և երեկ առավոտյան», - ասաց հնդիկ աշխատակիցներից մեկը։

«Հենց մեզ էին թիրախավորել, տեսան, որ 5-6 հոգի մտանք, պատի հետևող գալիս ենք, հենց մեր վրա էին խփում, դրանից ավելի էլ ի՞նչ թիրախավորել», - հավելեց մեկ ուրիշը։

Գործարանի աշխատողներին հուզում է այն, որ նման պատահարները կարող են կրկնվել, սակայն ասում են՝ աշխատանքից հեռանալու ցանկություն չունեն, մյուս կողմից չեն էլ ակնկալում, թե այսօր շինհրապարակ այցելած միջազգային համայնքի ներկայացուցիչները կարող են ազդել իրավիճակի վրա։

Գործարանի շինարարության վրա աշխատում է մոտ 200 մարդ, նրանցից 70-ը Հնդկաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ են։

«Իրենք ոչ մի բան էլ չեն կարողանալու լուծել, իրենք նույնիսկ Հաագայի դատարանին շատ տեղ չդրին», - ասում էին նրանք։

Գործարանի ներկայացուցիները պատասխանելով հարցին, թե ինչու է այն կառուցվում դիրքերից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, ասացին, որ իրենց ներդրողները և ղեկավարները ցանկացել են կենտրոնանալ հենց սահմանամերձ համայնքի վրա՝ համայնքը զարգացնելու և այն աջակցելու նպատակով. - «Այո, ունենք հարկային արտոնություններ, օրինակ՝ ավելացված արժեքի հարկից ազատված ենք, բայց մենք այդ արտոնությունից հրաժարվել ենք և վճարում ենք ԱԱՀ»։

Երասխում կառուցվող գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանի (GTB հոլդինգի տնօրեն) խոսքով՝ կոնկրետ կրակոցներից ֆինանսապես շատ չեն տուժել, ամենամեծ վնասն այն է, որ աշխատանքները այժմ կանգնած են, երկու աշխատակից՝ վիրավորված։

Գյուղացիները պատմեցին, որ գործարանից բացի, ադրբեջանական թիրախում վերջին օրերին եղել է նաև Երասխի կենտրոնում տեղադրված հսկայական դրոշը, որը կրակոցներից պատռվել էր։ Երեկ այն փոխարինվել է նորով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG