Մատչելիության հղումներ

«Մենք այստեղից տեղ չենք գնալու». ՀՀ-ի ու ԱՄՆ-ի դրոշները՝ Երասխի գործարանում


Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր միանգամից երկու հատվածներում տեղադրվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի տարածքից ադրբեջանական դիրքերը շատ հեռու չեն՝ մոտավորապես 800 մետր հեռավորության վրա այստեղից պարզ տեսանելի է ադրբեջանական դրոշը։

Գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենևին էլ չեն ենթադրում, որ դրոշի տեղադրմամբ այսպես ասած՝ գործարանի պաշտպանությունն են ավելացնելու, սակայն դրոշների տեղադրումը տնօրենների խորհրդի որոշումն է։ Այսպես, ըստ նրա, արձանագրում են, որ իրենք տեղում են և շարունակելու են աշխատանքները։

«Մենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնելու և չհամաձայնելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանի Հանրապետությունից մենք ունենք այդ թույլտվությունը և ցանկությունը օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը։

Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել-չկրակելուց։ Այս տարածքում պետք է կառուցենք գործարանքը։ Ինչ-որ մի պահի մեկ է՝ իրենք հասկանալու են, որ մենք չենք գնալու, և խաղի այդ կանոններով չենք խաղալու», - ասաց նա։

Նախորդ շաբաթասկզբից ադրբեջանական դիրքերից ուղիղ կրակում էին այս գործարանի տարածքի ուղղությամբ, պարբերաբար թիրախավորվում էր տարածքը, երբ սկսվում էին աշխատանքները։ Անցած շաբաթ այստեղ վիրավորվել էր Հնդկաստանի երկու քաղաքացի։

Տիրան Հակոբյանի խոսքով՝ այսօրվանից աշխատանքները վերսկսվում են, չնայած մտավախություն կա, որ ադրբեջանական կողմը կրկին թիրախավորելու է գործարանը, շինարարական տեխնիկան։ Երեկ էլ, երբ գործարանի ներկայացուցիչները փորձել են տեղադրել դրոշների համար նախատեսված ձողերը, ադրբեջանական կողմից թիրախավորել են շինարարական տեխնիկան. - «Իրենք թիրախավորում են շինարարական տեխնիկաան երկու պատճառով, կարծում եմ, վախեցնելու և տեխնիկական շարքից հանելու։ Կրակոցներն ամեն օր եղել են առաջին կրակոցից հետո, չեն դադարել, երեկ էլ են եղել։ Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա»։

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ բոլոր կրակոցներն արձանագրված են տեսա և ֆոտո նյութերով, և մենք դիմելու ենք միջազգային հնարավոր բոլոր մարմիններին և օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որպեսզի իրենք հասկանան, որ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան՝ թե օրենսդրական, հուսով եմ նաև թե՛ պաշտպանական դաշտում», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG