Մատչելիության հղումներ

Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄ նախարարություն


Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա, Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա խիստ անհանգստացրել է Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի գործողությունները, որ հարվածում են տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և հակասում միջազգային իրավունքի նորմերին, կոչ ենք անում միջազգային հանրությանը հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական էկոակտիվիստները Լաչինի միջանցքից մեկ ամիս առաջ հեռացան ու հիմա հեռակա տագնապում են Արաքսի ջրերի համար։ 25 կազմակերպություններ հայտարարություն են տարածել, թե մետալուրգիական գործարանի թափոնները Արաքսի ձկների համար սպառնալիք են, սահմանին նման գործարանի կառուցումը պիտի համաձայնեցվեր Ադրբեջանի հետ։

«Հայաստանն անպատասխանատու վարք է դրսևորում, արհամարհելով մաքուր, առողջ կայուն շրջակա միջավայր ունենալու իրավունքը և հետապնդում է միան սեփական տնտեսական շահը», - հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը։

Մետալուրգիական գործարանի կառուցման մասին օրեր առաջ էկոնոմիկայի նախարարն ազդարարեց՝ 70 միլիոն դոլարի ներդրմամբ հայ-ամերիկյան գործարան, տարեկան 180 հազար տոննա արտադրանք կտա։

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությունն է կառուցողը։ Երասխում սև մետաղի ջարդոնը կվերամշակեն ու կստանան ամրաններ, այսինքն, արմատուրա։ Ընկերությունն իր բիզնեսը հիմնավորում է նրանով, որ երկրում շինարարության ծավալը ավելացել է, ամրաններն էլ հիմնականում ներկրում են, հիմա կարտադրեն տեղում։ ՇՄԱԳ փաստաթուղթը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը երկու ամիս առաջ դրական եզրակացություն է ստացել։ Այսօր էլ Շրջակա միջավայրի նախարարությունը ի պատասխան ադրբեջանական բողոքների հայտարարում է՝ գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։

«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Գործ ունենք զուտ քաղաքական ակցիայի հետ»

Բնապահպան Ինգա Զարաֆյանը կասկած չունի՝ Ադրբեջանի հայտարարություններում իրականում բնապահպանական մտահոգություններ չկան. - «Գործ ունենք զուտ քաղաքական ակցիայի հետ»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը չի կարծում, որ այս ամենը որևէ հետևանք կունենա, եթե անգամ միջազգային փորձագետներ գան Հայաստան, մետալուրգիական գործարանի ռիկսերը գնահատելու, որևէ խնդիր չեն գտնի:

«Հայաստանը լրիվ համապատասխան հիմնավորում և պատասխաններ ունի, որ ընդհանրապես Ադրբեջանի հայտարարությունը չեղյալ են համարում», - ասաց Զարաֆյանը:

Բնապահպանն ինքը ուսումնասիրել է գործարանի ՇՄԱԳ փաստաթուղթը՝ արտանետումները չեզոքացնելու մեխանիզմ է նախատեսված՝ մի քանի փուլանի։ Հարևանների համար ռիկսեր չկան, եթե այլ խնդիրներ լինեն, դա, ըստ Զարաֆյանի, հայ բնապահպանների գործն է։ Ինչո՞ւ ադրբեջանցի բնապահպանները չեն մտահոգվում իրենց նավթագազային համալիրների ստեղծած վտանգների մասին, հարցնում է նա:

«Նրանք լռում են, Կասպից ծովը, որ հինգ երկրներ ունեն այս ծովի մուտքը, աղտոտվում է տարբեր միացություններով, այնտեղ կան նաև ռադիոակտիվ յոդի միացություններ, դրա մասին շատ են խոսում մարդիկ, որոնք հստակ գիտեն, բայց ով խոսում է, իր բերանը միանշանակ փակում են», - ընդգծեց բնապահպանը:

Բաքուն պնդում է՝ իրենց հետ պիտի քննարկվեր երկաթի վերամշակման ազդեցությունը միջավայրի վրա։ Ինգա Զարաֆյանը հակադարձում է՝ բոլոր փաստաթղթերը բաց են ու հրապարակված Շրջակա միջավայրի նախարարության կայքում՝ կարող էին ծանոթանալ։

Թեմային արձագանքել են նաև «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությունից՝ շեշտել՝ Ադրբեջանի հայտարարությունը չեն կարևորում, հայ հասարակության համար են ասում՝ միջազգային չափորոշիչների համապատասխանող գործարան են կառուցում սահմանամերձ Երասխում։

XS
SM
MD
LG