Մատչելիության հղումներ

Երասխի բնակիչների խոսքով՝ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է բացում կառուցվող գործարանի ուղղությամբ


Երասխի գրեթե բոլոր հատվածներից տեսանելի են ադրբեջանական դիրքերը, որտեղից պարբերաբար կրակում են, այդ թվում՝ թիրախավորելով գյուղը, տեղից հաղորդում է «Ազատության» նկարահանող խումբը։ Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի շենքերից մեկի պատը և քաղաքացիական մեքենա։

Մետալուրգիական գործարանին մոտենալ «Ազատության» նկարահանող խմբին չի հաջողվում. աշխատակիցները պատճառաբանում են, որ տարածքն անվտանգ չէ՝ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է գործարանի տարածքի ուղղությամբ։

«Ժամը 4։30-ի սահմանում էր, մոտ մի կես ժամ տևեց, բայց ոչ մի խուճապ, տարհանում չի եղել, բոլորը գյուղում են եղել, ամեն մարդ իր բերքահավաքով։ Ճիշտ է՝ վախ բոլորիս մեջ էլ կա, բայց ոչ մեկն էլ գյուղը չի լքել։ Գործարանի վրա էր թիրախը, իսկ գյուղին վնաս չի հասցվել։

Կառուցվում է, աշխատանքները շարունակվում են», - ասացին տեղացիները։

Ըստ նրանց՝ այսօր առավոտյան էլ են կրակոցներ եղել կրկին կառուցվող գործարանի ուղղությամբ. - «Աշխատանքը կանգնեցնելու ինչ-որ տարբերակ է էլի, որ չաշխատեն»։

«Իրենց մտածելով, թե ինչի պիտի դրսից գան, էստեղ գործարան հիմնեն... մեզ խանգարում են, չեն թողնում աշխատենք։ Ահագին հիմնարկներ կանգնելու են, մնանք առանց աշխատանքի։ Ուզում են վախ սերմանել, բայց այս գյուղի բնակչությունն ամեն ինչ տեսած է, ոչ վախ ունի, ոչ էլ կվախենա», - նշում են բնակիչները։

Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով այսօր Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել, նրանք տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։ Բժշկի փոխանցմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը բեկորային է։

XS
SM
MD
LG