Մատչելիության հղումներ

Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով


Իլհամ Ալիևի նախազգուշացումից մեկ շաբաթ անց Բաքուն պաշտոնապես դիմել է Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը իր հայաստանցի պաշտոնակցին հատուկ նամակ է հղել և դրանում պնդել՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ կառուցվող գործարանի շինարարությունը պետք է անհապաղ դադարեցնել, ապա քննարկել Բաքվին մտահոգող հարցերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայությունը։

Ադրբեջանի նախարարների կաբինետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նամակում ադրբեջանական կողմը կրկին Էսպոյի կոնվենցիան է վկայակոչել՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես այդ փաստաթղթի կողմ, պարտավոր էր Ադրբեջանի հետ համաձայնեցնել մետաղաձուլական գործարանի կառուցումն ու դրա գործունեության հնարավոր ազդեցությունը։

«Բաքուն պահանջում է դադարեցնել գործարանի շինարարությունը, մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - նշված է ադրբեջանցի նախարարի ուղերձում։

Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել, նամակի մասին ադրբեջանական կառավարության մամլո ծառայության հաղորդագրության հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարել է գերատեսչության խոսնակ Անի Հակոբյանը։

Անցած ամիս Շրջակա միջավայրի նախարարությունը ի պատասխան ադրբեջանական բողոքների հայտարարել էր, թե գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։

Մետաղաձուլական գործարանը դեռ չկառուցված դրա լուրջ բացասական ազդեցության մասին Բաքուն ահազանգում է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք, իր խոսքով, կարող են բնապահպանական վտանգ ներկայացնել՝ նկատի ունենալով մասնավորապես Երասխում կառուցվող գործարանը։

Ինչպես այդ գործարանի շինարարությունը, այնպես էլ հայաստանյան տասնյակ հանքավայրերի աշխատանքը դադարեցնելու պահանջով Ադրբեջանի իշխանություններին զուգահեռ այդ երկրի տասնյակ կազմակերպություններ, որոնք իրենց բնապահպաններ և առողջապահության ոլորտի մասնագետներ են ներկայացնում, անցած օրերին բաց նամակով դիմել էին վարչապետ Փաշինյանին։ Կառավարության ղեկավարն էլ ի պատասխան մատնանշել է միջազգային զեկույցներից մեկը և նշել, թե ի տարբերություն Հայաստանի օդի աղտոտվածության առումով Ադրբեջանն է աշխարհի հետնապահներից։

Մինչ այդ Երասխի գործարանը շինարարության առաջին իսկ օրերից ոչ միայն ադրբեջանցի բնապահպանների, այլև ադրբեջանական զինուժի նշանառության տակ է: Այստեղ Ադրբեջանի գնդակոծությունների հետևանքով շաբաթներ առաջ Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որ գործարանի շինարարությունում էին աշխատում, բեկորային վիրավորում էին ստացել։

Գործարանի թիրախավորումը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է, համոզված է հայ-ամերիկյան ներդրումներով իրականացվող նախագծի ղեկավարությունը։ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությունն է կառուցողը։ Երասխում սև մետաղի ջարդոնը կվերամշակեն ու կստանան ամրաններ, այսինքն, արմատուրա։ Ընկերությունը հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքները և հավաստիացնում, որ գործարանի գործունեությունը վնասակար արտանետումներ չի ենթադրում՝ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան։

Ամերիկյան ներդրողները Ադրբեջանից Հայաստանին ուղղված բնապահպանական ահազանգեր հնչեցնողներին հիշեցնում են Ադրբեջանի մայրաքաղաքում՝ գործող «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ գործարանի մասին, որը տարեկան 4 անգամ ավելի երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել Երասխի գործարանում և գտնվում է բնակելի տներից ընդամենը 400 մետր հեռավորության վրա:

XS
SM
MD
LG