«Միջոցներ ձեռնարկել՝ Արցախում խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար»․ Արցախի ԱԺ-ն դիմում է ՀՀ-ին

Արցախի Ազգային ժողովը կոչով դիմում է Հայաստանի Հանրապետությանը միջոցներ ձեռնարկել խթանելու Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը։

Արցախի խորհրդարանականները, մասնավորապես, կոչ են անում Երևանին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար, սահմանված ընթացակարգով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր․ Ալիևի խորհրդական
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ լիազորություններ են նախատեսվել ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթով. կառավարությունը մանրամասներ է ներկայացրել

«Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը», - ասված է հայտարարությունում:

2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը ստեղծել է ժամանակակից համակենտրոնացման ճամբար»․ Արցախի ԱԺ նախագահը դիմում է միջազգային հանրությանը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահեր, զանգվածային ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը զուգընթաց