Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը ստեղծել է ժամանակակից համակենտրոնացման ճամբար»․ Արցախի ԱԺ նախագահը դիմում է միջազգային հանրությանը


Շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքում «Ադրբեջանը ստեղծել է ամենաբարդ, ժամանակակից համակենտրոնացման ճամբարը», հայտարարում է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ դիմելով միջազգային հանրությանն ու միջկառավարական ինստիտուտներին։

Թովմասյանն ահազանգում է՝ ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։

Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին, որպես ցեղասպանության և հայրենիքից բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղի, գործարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաև հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար։

Ըստ Արցախի խորհրդարանի ղեկավարի՝ «վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»:

2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG