Վաշինգտոնում այս շաբաթ տեղի ունեցած հայ - ադրբեջանական եռօրյա բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները առանց հստակ մանրամասների հայտարարեցին, որ Երևանի և Բաքվի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք:
Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ հետագա աշխատանքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Միաժամանակ, կողմերը տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ուղղությամբ՝ համաձայնության հասնելով ևս մի քանի դրույթների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց։ Թե որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի մանրամասնում։
Միրզոյան-Բայրամով բանակցություններին մասնակցած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ, իր հերթին, առանց մանրամասնելու հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու:
«Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում», - ասել է Բլինքենը:
Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման. Արայիկ Հարությունյան
Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ, Արցախի նախագահը երեկ խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն անդրադրաձել է Բաքվից Ստեփանակերտին ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանմ ասել է, որ Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում՝ պահանջելով լուծարել Պաշտպանության բանակը, ապա և պետական կառավարման համակարգը, որից հետո արդեն գազն ու հոսանքը կտան, Լաչինի ճանապարհով էլ կթողնեն գնալ-գալ, բայց որպես Ադրբեջանի քաղաքացի։ Իր պահանջները պարտադրելու նպատակով, Արայիկ Հարությունյանի խոսքով, Բաքուն անընդհատ մեծացնում է ճնշումները։
«Պատճառն արցախյան դելեգացիայի Բաքու այցելելն է, ամեն ինչ անում են դրա համար։ Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկում», - ասել է նա։
Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Արցախն ունի ինորոշման իրավունքը իրացնելու հնարավորություն, և որևէ քաղաքական ուժ կամ կառույց չի կարող այն կասկածի տակ դնել. - «Մեր միջազգային իրավունքի նորմը ինքնորոշման ոչ մեկը չի կարող մեզ զրկել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԱԳՆ. Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջՄիրզոյանը և Բայրամովը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»Բաքուն բանակցություների ընթացքում ՊԲ-ի զինաթափումը նախապայման է դարձրել. վերլուծաբան
Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը. քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն արձանագրում է՝ առանցքային հարցերի, այդ թվում՝ Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ կողմերն այս անգամ էլ համաձայնության չեն եկել, և եթե նույնիսկ որոշ դետալների շուրջ համաձայնություն կա, քանի դեռ հիմնական հարցերը չեն լուծվել, վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման մասին:
Ընդ որում, ըստ քաղաքագետի, ամերիկյան կողմի հայտարարությունները բանակցությունների նախորդ փուլերի համեմատ այս անգամ ավելի զուսպ են։ Եթե մայիսին կայացած եռակողմ բանակցություններից հետո պետքարտուղարն ասում էր, թե խաղաղության պայմանագիրը շատ մոտ է, ապա այժմ հասկանում են, որ մի շարք բարդ խնդիրներ կան, որոնց շուրջ համաձայնության հասնելը հեշտ չի լինելու:
Գրիգորյանը նաև ընդգծում է՝ այս անգամ բանակցությունները տեղի էին ունենում Արցախում արձանագրված էսկալացիայի ֆոնին, և դրանք իրենց ազդեցությունն ունեցել են բանակցային գործընթացի վրա:
«Կարծում եմ, որ Ադրբեջանը, իհարկե, օգտագործել է այդ էսկալացիան նաև բանակցությունների սեղանին ինչ-որ զիջումներ կորզելու համար հայկական կողմից: Մեծ հաշվով՝ Ադրբեջանի հիմնական ուղերձն այն էր, որ «եթե դուք չընդունեք մեր պայմանները բանակցությունների սեղանի շուրջ, մենք կպարտադրենք այդ պայմանները գետնի վրա»: Էսկալացիայի երկրորդ ուղերձն այն էր, որ Պաշտպանության բանակը պետք է զինաթափվի՝ իմ կարծիքով, այդ նպատակով էր նաև նախաձեռնվել», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետը:
«Այսինքն, մեծ հաշվով, պարզ է նաև, որ այս հարցը այս փուլում քննարկվող ամենակարևոր հարցերից մեկն է, և կարծես թե Ադրբեջանը նույնիսկ նախապայման է դարձրել Պաշտպանության բանակի զինաթափումը հենց բանակցությունների ընթացքում», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
Վերլուծաբանի համոզմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված չէ համապարփակ խաղաղության հասնելու գործընթացով, Բաքվի նպատակը միակողմանի զիջումներով փաստաթղթի ստորագրումն է, որը կարող է դառնալ դե ֆակտո կապիտուլյացիա Հայաստանի համար։ Հետևաբար՝ առանց միջնորդների ակտիվ դերակատարության դժվար է լինելու հասնել համապարփակ համաձայնության:
«Պետք է արդեն առարկայական ճնշում բանեցվի Ադրեջանի դեմ: Այսինքն՝ երբ ընթանում են բանակցություններ, և Ադրբեջանը բանակցությունների ընթացքում ռազմական էսկալացիա է նախաձեռնում, սա աննախադեպ իրավիճակ է, նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ ես չեմ հիշում այս մասշտաբի էսկալացիա բանակցությունները ընթանալու ընթացքում: Եվ պարզ է, որ միջնորդները չեն կարող պարզապես ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում», - շեշտեց Գրիգորյանը:
Իսկ թե ինչու Միացյալ Նահանգները կոշտ գնահատական հնչեցնում Ադրբեջանի հասցեին, քաղաքագետ ասաց. - «Չեն ցանկանում խաղաղ այս գործընթացը ինչ-որ կերպով խոչընդոտել: Այսինքն՝ նրանք մտածում են, որ եթե Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ հայտարարություններ հնչեցվեն, կամ էլ, առավել ևս, եթե ինչ-որ քայլեր ձեռնարկեն, Ադրբեջանը պարզապես լքելու է բանակցային սեղանը, և այս ողջ գործընթացը տապալվելու է»:
Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել են բանակցությունները շարունակելու հանձնառության մասին, առայժմ նոր հանդիպման ժամկետների և վայրի մասին ոչինչ չի հաղորդվել։ Հաջորդ ամիս՝ հուլիսի 21-ին, Բրյուսելում սպասվում է Փաշինյան- Ալիև հանդիպումը՝ եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում ընթացող ինտենսիվ բանակցություններին զուգահեռ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Արցախում բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով բանակցությունների դադարեցմանըՎաշինգտոնի բանակցություններն ուղեկցվում են կրակոցներով ու զոհերով. Ստեփանակերտից պահանջում են դադարեցնել դրանքԱրցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել