Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը. Ռուբինյան


Ադրբեջանը շարունակում է ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ազատություն». - Ստեփանակերտը 4 զոհի մասին է հաղորդում, սրանք վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին են, Դուք կկապեի՞ք միմյանց հետ:

Ռուբեն Ռուբինյանը. - Կարելի է կապել, կարելի է չկապել, բայց մեծ հաշվով դա կարևոր էլ չէ՝ ինչի ֆոնին են, կարևոր է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը ու շարունակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, որի մասին են և՛ արգելափակումը Լաչինի միջանցքի, և՛ էլեկտրականության ու գազի մատակարարման խափանումը, և՛ նման իրադարձություններն ու հարձակումները:

«Ազատություն». - Ես նկատի ունեի՝ գուցե դուք Միացյալ Նահանգներից ստացե՞լ եք ազդակներ, որ առնվազն առաջին օրը բանակցությունների արդյունք չի տվել:

Ռուբինյան. - Ես ճիշտն ասած չեմ խոսել մեր գործընկերների հետ, չեմ կարող որևէ պնդում անել այդ առումով:

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, ինչի՞ համար են այնտեղ ռուս խաղաղապահները, եթե նույնիսկ անօդաչու են կիրառում և հրետանային զենք:

Ռուբինյան. - Դուք տալիս եք մի հարց, որը լեգիտիմ է և ինչպես գիտեք, Հայաստանի կառավարությունն էլ անընդհատ բարձրացնում է այս հարցը, որ ըստ էության, ռուս խաղաղապահ զորակազմին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը: Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում ոչինչ ապահովել, բայց նշանակում է, որ շատ բան չի հաջողվում ապահովել: Ու մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը, որպեսզի ապահովվի այն, ինչ ամրագրված է, այդ թվում՝ հրադադարը, Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

«Ազատություն». - Արդյո՞ք կստորագրի Երևանը խաղաղության պայմանագիր, եթե այդ փաստաթղթում չամրագրվեն արցախահայերի իրավունքների մեխանիզմները:

Ռուբինյան. - Այստեղ սկզբունքայինը ոչ թե փաստաթղթում դա ամրագրել կամ չամրագրելն է, այլ հետևյալն է կարևոր՝ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կամ դրանց վերաբերյալ հարցերը, դրանց հետ կապված հարցերը հասցեագրվեն և լուծվեն միջազգային մեխանիզմի ներքո Բաքու - Ստեփանակերտ բանակցությունների արդյունքում: Թե դա կամրագրվի բուն տեքստում, թե դրան զուգահեռ դա տեղի կունենա, դա արդեն այլ հարց է, ավելի շատ տեխնիկական հարց է:

«Ազատություն». - Գուցե էական է այնքանով, որ Ադրբեջանը կարող է ասել՝ «որտե՞ղ է գրված, որ ես այս հարցը պետք է լուծեմ, կնքել ենք խաղաղություն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Ռուբինյան. - Կարևոր հարց եք բարձրացնում, եթե լինի պայմանավորվածություն և կամք, ձևեր կգտնվեն երաշխավորելու, որ դա տեղի ունենա, բայց մինչ այս պահը մենք տեսնում ենք, որ այդ երկխոսությունն, ըստ էության, տեղի չի ունենում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների արդյունքում:

«Ազատություն». - Ի դեպ՝ Վաշինգտոնը և Բրյուսելը այդպիսի մեխանիզմ առաջարկո՞ւմ են:

Ռուբինյան. - Ես գիտեմ, որ մեր գործընկերները կողմ են, որ դա տեղի ունենա ու ըստ էության, Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, միջազգային մեխանիզմի ներգրավմամբ, այդ դիրքորոշումը ընդունվում է միջազգային գործընկերների կողմից, այլ հարց, որ մինչ այս պահը դա տեղի չի ունեցել, և տեղի չի ունենում:

«Ազատություն». - Ինչո՞ւ է Հայաստանը շտապում զիջել գլխավոր խաղաքարտը՝ ճանաչել Ադրբեջանի կազմում Արցախը, եթե առայժմ դրա դիմաց ոչինչ չի ստացել:

Ռուբինյան. - Զիջման գնալ նշանակում է անել նոր բան, հիմա, խնդրում եմ, ինձ ասեք՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականին միանալով Ալմա Աթիի հռչակագրին ճանաչել են միմյանց սահմանները, միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների տարածքով, ի՞նչ նոր բան է տեղի ունեցել:

«Ազատություն». - Նաև Ռուսաստանից այս առումով կա քննադատություն, որ ահա, մենք առաջարկում էինք կարգավորման մեր տարբերակը, խաղաղապահները մնում էին, երկար ժամանակ կարգավիճակի հարցը առկախվում էր, բայց դուք շտապեցիք, գնացիք Պրահայում ասացիք՝ ոչ, մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի կազմում, այդ դեպքում ի՞նչ եք ուզում մեզանից:

Ռուբինյան. - Նախ, Հայաստանը կողմ է եղել դրան, հիմա էլ է կողմ, բայց այլ հարց է, թե առաջարկող կողմը դա իրագործելու համար որևէ բան անում է, թե չի անում:

«Ազատություն». - Հարցն այն մասին էր, որ եթե կողմ էիք խաղաղության ռուսական պլանին, ինչո՞ւ էիք զուգահեռ նաև արևմտյանի վրա աշխատում:

Ռուբինյանը. - Ո՞վ ասաց, որ Պրահայում ինչ-որ արևմտյան պլան է քաննարկվել, Պրահայում մի փոքրիկ տեքստ է գրված, եթե հիշում եք, ինչո՞վ է դա հակասում որևէ այլ բանի: Երկրորդը՝ Հայաստանը հիմա էլ է կողմ, ոչ մի խնդիր չկա, հարցը հետևյալն է՝ արդյոք Ռուսաստանն է կողմ իր իսկ ներկայացրած պլանին:

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, արդյո՞ք բանակցության նյութ է Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը և դրան կարո՞ղ է նաև բանակի զինաթափումը հաջորդել:

Ռուբինյան. - Ոչ, որովհետև մենք կարծում ենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն Բաքվի ու Ստեփանակերտի միջև՝ միջազգային մեխանիզմի ներքո:

«Ազատություն». - Իսկ Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը:

Ռուբինյան. - Նույն հարցի պատասխանն է:

XS
SM
MD
LG