Մատչելիության հղումներ

Բանակցելու համար հրադադարի գրավոր, հստակ երաշխիքներ են պետք. արցախցի խորհրդարանական


Արցախի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Քանի դեռ ադրբեջանցիները կրակում են սահմանին, խաղաղության շուրջ բանակցություններն անարդյունավետ են, «Ազատությանն» ասաց Արցախի խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը։

Երեկ պաշտոնական Ստեփանակերտը կոչ էր արել ԱՄՆ-ում ադրբեջանցիների հետ բանակցող հայկական պատվիրակությանը անհապաղ դադարեցնել բանակցությունները, մինչև Հայաստանի ու Արցախի սահմաններին հրադադար չհաստատվի։

Եղան մեկնաբանություններ, որ բանակցություններից հրաժարվելը վատ միտք է, հակառակը՝ պատեհ պատճառ է սահմանային լարվածության մասին խոսելու համար։

Իշխանական պատգամավորն ընդգծում է՝ խաղաղությունն առաջին հերթին արցախցիներն են տենչում, բայց կրակոցների ներքո ընթացող քննարկումները հակառակի մասին են։

«Մենք ոչ թե կոչ ենք անում բանակցությունները ընդհանրապես դադարեցնել, այլ խոսքը վերաբերում է հենց միջադեպով պայմանավորված: Եթե բանակցություններ են ընթանում, և Ադրբեջանը դիմում է նման կարգի ահաբեկչական գործողությունների, դատապարտող, որևէ այլ ձևաչափով հայտարարություններ չկան միջազգային հանրության կողմից», - ընդգծեց Հարությունյանը:

«Մենք կողմ ենք բանակցային գործընթացին և բանակցությունների ընթացքում արդարացի և վերջնական հարցի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, և նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Բայց մենք հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ ձև խաղաղության օրակարգ մտնել, այսինքն՝ խաղաղության օրակարգով շարժվել առաջ», - ասաց արցախցի խորհրդարանականը:

Վաշինգտոնյան բանակցությունները, որ ավարտվում են այսօր, ուղեկցվեցին Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով ու զոհերով։ Նախօրեին Ադրբեջանի զինուժը հրետանուց կրակ էր բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, ինչի հետևանքով Պաշտպանության բանակի 4 զինծառայող զոհվեց։

Պատգամավոր Հարությունյանն ասում է՝ բանակցելու համար հրադադարի ռեժիմի պահպանման գրավոր, հստակ երաշխիքներ են պետք, քանի որ Ադրբեջանն ամեն օր նորանոր սադրանքների է դիմում ու մնում անպատիժ։

Արցախցի օրենսդիրները նաև դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Միջազգային հանրությանը հիշեցնում են՝ Արցախը 200 օրից ավելի է շրջափակման մեջ է, հումանիտար աղետի շեմին։

«Վերջին տարիների ցանկացած բանակցությունների կա՛մ ընթացքում, կա՛մ ցանկացած բանակցություններից առաջ Ադրբեջանը դիմում է սադրանքների և դա լրացուցիչ որպես ճնշման միջոց օգտագործում այդ բանակցությունների ընթացքում», - նշեց Արթուր Հարությունյանը:

Երեկ երեկոյան օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։

Հարությունյանը նաև ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը՝ խաղաղ կերպով լուծելու խնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:

XS
SM
MD
LG