Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի բանակցություններն ուղեկցվում են կրակոցներով ու զոհերով. Ստեփանակերտից պահանջում են դադարեցնել դրանք


Անհապաղ դադարեցնել բանակցությունները, մինչև Հայաստանի ու Արցախի սահմաններին հրադադար չհաստատվի. Արցախի ԱԺ-ն այս պահանջով այսօր դիմեց Վաշինգտոնում ադրբեջանցիների հետ երեկվանից բանակցող հայկական պատվիրակությունը։ Ժամեր անց Երևանից այս հայտարարությանը դեռ չեն արձագանքել։

Վաշինգտոնյան բանակցություններն ուղեկցվում են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով ու զոհերով։ Ստեփանակերտից չհստակեցրեցին, թե որտեղ են զոհվել 4 զինծառայողները՝ միայն հաղորդեցին, որ Մարտունու ու Մարտակերտի հայկական դիրքերն են թիրախավորվել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով։ Արցախցի օրենսդիրները կարծում են, որ հրադադարի խախտման պայմաններում հայ-ադրբեջանական շփումները բանակցությունների իմիտացիա են։

Հայտարարության նախագիծը խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց. - «Անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի Հանրապետության սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ վատ գաղափար է բանակցություններից հրաժարվելը, պատեհ պատճառ՝ այնտեղ սահմանային անկայուն իրավիճակի մասին խոսելու։

«Ի՞նչ է դա տալիս Հայաստանին կամ Արցախին բացի հոգեկան բավարարվածության զգացողությունից: Օգուտ է Ադրբեջանին, որովհետև դա կսահմանափակի Հայաստանի կարողությունները՝ աշխատելու արևմտյան ձևաչափի հետ, իսկ արևմտյան ձևաչափը, ըստ էության, մինչև այս պահը կարևորագույն զսպող գործոններից մեկն էր այս գործընթացի մեջ, երկրորդը դա Հայաստանին ապակառուցողական կողմ կդարձնի և ինչ-որ չափով կարդարացնի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունները: Եվ վերջապես երրորդը՝ այդ մտածողությունը տեղավորվում է միայն Ռուսաստանի շահերի տեսանկյունից, որ ի վիճակի չլինելով գործընթացն ինչ-որ չափով վերահսկելի պահելու ու սեփական պարտականություններն անգամ, նոյեմբերի 9-10-ի փաստաթղթից ելնող, կատարել, ուղղակի փչացնի, վիժեցնի արևմտյան ձևաչափով որևէ այլընտրանքային գործընթացի ձևակերպումը», - ասաց Քոչինյանը:

Բաքվի գլխավոր պահանջը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ Երևանի պատրաստակամությունից հետո էլ Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունները չեն վերանում։

Վաշինգտոնյան բանակցությունների հերթական փուլի օրակարգում է խաղաղության պայմանագրի նախագիծը։ Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը քննարկվող հարցերի, եղած տարաձայնությունների մասին բաց չեն խոսում, բայց հաղորդագրությունների շեշտադրումներից են դրանք ակնհայտ դառնում։

Հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցությունների մեկնարկից առաջ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն առանձին - առանձին երեկ հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ։ Արարատ Միրզոյանը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, հրամայական է համարել, որ Ադրբեջանը հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից, Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծել, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս գան ադրբեջանական տարածքներից։ Հայաստանը շարունակում է շեշտել Բաքու - Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը միջազգային հովանու ներքո, այս հեռանկարը մերժող Ադրբեջանը՝ իր տարածքային ամբողջականությունից։

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը ամերիկացիների դժգոհել է, թե «Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում»։ Բաքվի տարածած հայտարարությունում, սակայն, ոչ մի կոնկրետություն:

«Նշվել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ քայլերից, դուրս բերել հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով», - հայտնում է ադրբեջանական կողմը։

Վաշինգտոնյան բանակցությունների երկրորդ փուլը կդառնա կարևոր հանգրվան, եթե կողմերի տարաձայնություններից գոնե մեկի շուրջ առաջընթաց արձանագրվի, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Տարաձայնությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կոնկրետ թեմաների շուրջ են մնացել. Արցախի բնակչության իրավունքների և պաշտպանության միջազգային մեխանիզմների առկայությունը, դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքը, կոմունիկցաների բացման տրամաբանությունը և չորրորդը՝ պայմանագրի երաշխավորի ինստիտուտը», - ընդգծեց քաղաքագետը:

Հայ-ադրբեջանական բանակցությունները երեկ նախ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ սկսեցին, ապա՝ երկկողմ ձևաչափով շարունակվեցին։ Էնթոնի Բլինքենը Թվիթերում երեկոյան իր աջակցությունը հայտնեց երկկողմ բանակցություններին՝ դարձյալ ընդգծելով երկխոսության կարևորությունը։

Այսօրվա քննարկումների մասին որևէ տեղեկություն դեռ չի հաղորդվել, բանակցությունները ընդհատելու մասին էլ հայտարարություն չի հնչել։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել էր, որ բանակցությունները կտևեն մինչև հինգշաբթի՝ հունիսի 29-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG