Հայաստանի վարչապետը վաղն Անկարայում կմասնակցի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Կառավարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը Թուրքիայից հրավեր է ստացել, և Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Անկարա։
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմը դեռևս չի հրապարակել, և պարզ չէ, թե վարչապետի հետ ովքեր են Թուրքիա մեկնում։ Կառավարությունից փոխանցեցին, որ վարչապետը օդային ճանապարհով է մեկնելու Թուրքիա։
Չնայած Փաշինյանի իշխանությունը վերջին շրջանում փորձում էր Անկարայի հետ հարաբերությունները կարգավորել, անգամ արտգործնախարար Արարատ Միրոզյանն անձամբ ացելեց Թուրքիայում ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանը փրակարարներ և մարդասիրական բեռներ ուղարկեց աղետի գոտի, սակայն Երևանում անցած ամիս «Նեմեսիս» արձանի տեղադրումը լարվածություն առաջացրեց երկու երկրների միջև։
Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտեց Երևանին՝ շեշտելով, թե նման սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չավուշօղլուն սպառնում է «նոր միջոցներ ձեռնարկել», եթե Հայաստանը «չուղղի իր սխալը» «Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ քաղաքապետարանԳրիգորյանը արձագանքում է Չավուշօղլուին. «Նեմեսիս»-ի արձանը Հայաստանի ներքին գործն է»«Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանիցԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անգամ սպառնաց՝ «եթե արձանը չհանեք, պատասխան քայլեր կանենք»։
Քայլերից մեկը եղավ այն, որ անցած ամիս Թուրքիան փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։
«Մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»,- կրկին զգուշացրեց Չավուշօղլուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Fly One Armenia-ն թուրքական կողմի հետ հիմա խնդիրների առաջ է կանգնել, և դա քաղաքական պատճառ ունի. Արամ ԱնանյանԻրավիճակը փորձեց շտկել վարչապետը՝ հայ վրիժառուների հուշարձանի տեղադրումը համարելով սխալ։ «Ազատության» հետ զրույցում նա պնդել էր, թե այդ որոշումը ոչ թե Հայաստանի կառավարությունն է կայացրել, այլ քաղաքային իշխանությունը. - «Ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացում էլ եղել է սխալ։ Եվ նաև ես հիմա, երբ որ ուզում եմ խորանալ և հասկանալ, թե ոնց ա դա հնարավոր դարձել, տեսնում եմ, որ դա տեղի ա ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ»։
Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, թե արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է, քաղաքային իշխանությունից էլ վստահեցրին՝ արձանը չի ապամոնտաժվի։
«Նեմեսիս» արձանի հարցը Հայաստանի իշխանությունները քննարկում են թուրք գործընկերների հետ
Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը «Ազատությանն» այսօր ասել է, որ «Նեմեսիս» արձանի հարցը Հայաստանը քննարկում է թուրք գործընկերների հետ. - «Միանշանակ ՀՀ կառավարության դիրքորոշումը չէր, կամ որոշումը չէր արձանի բացումը։ Ինչպես արդեն նշել ենք, սա Երևանի քաղաքապետարանի կողմից է արվել, և այո, այժմ էլ շարունակվում են քննարկումները և բանակցությունները ամենատարբեր ձևաչափերով։ Այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է նշանակված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Ռուբեն Ռուբինյանը ևս այս հարցը քննարկում է թուրք գործընկերների հետ»։
Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը 9 տարի առաջ է մասնակցել
Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսի 28-ին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք պաշտոնական Երևանը Թուրքիայից հրավեր ստացավ մասնակցելու կրկին Ռեջեփ Էրդողանի երդմանակալությանը։
Երրորդ նախագահը արտգործնախարարի այցից առաջ, սակայն ասել էր, թե Էդվարդ Նալբանդյանը պետք է տեղեկանա նաև, թե «արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը»:
Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանն առաջին անգամ որոշեց մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Այն ժամանակ փոխարտգործնախար Շավարշ Քոչայանը պարզաբանել էր, թե փոխվել է նախագահի ընտրությանը կարգը. - «Ինչ վերաբերում է Թուրքիայում ինաուգուրացիային, նախկին երբևէ չի եղել, որովհետև մինչ այդ Թուրքիայի նախագահը ընտրվում էր պառլամենտի կողմից։ Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար դա առաջին նախադեպն է, երբ որ հարևան երկրում կա այդ արարողությունը»։
Այն ժամանակվա ընդդիմությունը, այդ թվում Դաշնակցությունը, քննադատել էր իշխանություններին, անընդունելի համարելով հակահայական հայտարարություններ անող Էրդողանի երդմնկալությանը մասնկացելու որոշումը։ Էդրողանը 2014 -ի քարոզարշավի ժամանալ ասել էր, թե իր մասին տգեղ բաներ են ասում, մասնավորապես, որ ինքը հայ է։
Ի պատասխան Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե զարմանալու բան չկա. հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է։
Վիրավորական այս հայտարարությունները սակայն չխանգարեցին, որ Թուրքիան հրավեր ուղարկի, Նալբանդյանն էլ մասնակացի Էրդողանի երդմնակալությանը։
Հայաստանը վաղն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Առաջին և երկրորդ նախագահնեըր իրենց պաշտոնավորաման ընթացքում Թուրքիայի ղեկավարների երդմանկալությանը ընդհանրապես չեն մասնակցել։ Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանը 1993-ին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալի հուղարկավարության արարողությանը: