Մատչելիության հղումներ

Պետք է այնպես անել, որ Անկարան հնարավորինս քիչ առիթ ունենա տարբեր պատրվակներով չբացելու սահմանը․ քաղաքագետ


Պաշտոնական Երևանը պետք է այնպես անի, որ Անկարան հնարավորինս քիչ առիթ ունենա տարբեր պատրվակներ առաջ բերելու և չբացելու հայ-թուրքական սահմանը, որ ինքն է փակել, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Աննա Գևորգյանն՝ անդրադառնալով Թուրքիայի վրդովմունքն առաջացրած Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը։

Ըստ Գևորգյանի՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս առաջացած աղմուկը ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ռազմավարական պլանավորման և համակարգային մտածողության տեսանկյունից ներկա կառավարությունը ոչ թե կաղում է, այլ լուրջ բացեր ունի։

Քաղաքագետի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - «Նեմեսիս» արձանի տեղադրումը Անկարայի զայրույթն է հարուցել։ Երևանում, պարզ է, կարելի էր կանխատեսել, բայց պե՞տք էր արդյոք դա հաշվի առնել տեղադրելուց առաջ։

Գևորգյան․ - Իհարկե պետք էր հաշվի առնել, և այս հարցի շուրջ ողջ աղմուկը՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ռազմավարական պլանավորման և համակարգային մտածողության տեսանկյունից ներկա կառավարությունը ոչ թե կաղում է, այլ լուրջ բացեր ունի։

«Ազատություն»․ - Ներքին կարգով արգելե՞ր, վիժեցնե՞ր էդ գործընթացը, միջամտե՞ր քաղաքային իշխանության գործերին։

Գևորգյան․ - Եթե նույն գաղափարի շուրջ համախմբված մարդիկ էին, իսկ երկու տեղում էլ իշխող ուժի ներկայացուցիչներն են, ապա պետք է նախաձեռնողներն արդեն հասկանային դրա մեջ պարունակվող ռիսկերը, մյուս կողմից արտաքին հարցերի համար պատասխանատու գերատեսչությունը նման դեպքում պետք է տար իր հավանությունը կամ առարկությունը, ինչն այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է բաց թողնվել այդ քայլը կամ արդյոք եղել է այդ հավանությունը։ Եթե եղել է, ապա ուրեմն կառավարությունը չի կարող ասել, որ ինքը տեղյակ չէ։

Մյուս կողմից երբ ասում են, որ քայլերն անում են՝ ելնելով այն կանխավարկածից, որ դավաճան կպիտակվեին չեղարկելու դեպքում այդ նախագիծը, ապա դա այլ բան չէ, քան պոպուլիզմ, որովհետև իշխանությունը նրա համար է, որպեսզի ինքը հաշվարկի, թե դրանից ինչ ռիսկեր են բխելու և արդյոք ինքն ունի ներուժ էդ ռիսկերը չեզոքացնելու և հետո համապատասխան արձագանքներով չվնասելու մեր երկրին։

«Ազատություն»․ - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Անկարայի համար ընդամենը պատրվակ էր այս հարցը։

Գևորգյան․ - Կարծում եմ, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մենք նորանոր պատրվակներ պիտի որպես հաղթաթուղթ նվիրենք մի պետության, որի հետ փորձում ենք հիմա կարգավորել մեր հարաբերությունները և փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս քիչ առիթ ունենա տարբեր պատրվակներ առաջ բերելու և չբացելու սահմանը, որ ինքն է փակել։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է՝ հայտարարելով՝ «եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Պաշտոնական Երևանն արձագանքել է՝ «Արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվել»։

Աննա Գևորգյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG