Նախնական արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց վերընտրվելու առթիվ Ռեջեփ Էրդողանին շնորհավորեց նաև Հայաստանի վարչապետը։
«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը՝ մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ», - Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Էրդողանը երեկ ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ձայների շուրջ 52 տոկոսը և կշարունակի պաշտոնավարել մինչև 2028 թվականը։
Արդյո՞ք նրա վարչակազմը կշարունակի 44-օրյա պատերազմից հետո սկսած հայ-թուրքական կարգավորման գործընթացը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ պաշտոնական հայտարարություններից էլ կարելի է ենթադրել, որ գործընթացը կշարունակվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը գնա միակողմանի զիջումների՝ ընդունելով Անկարայի սերտ դաշնակից Բաքվի մաքսիմալիստական պահանջները. - «Եթե դա տեղի ունենա, ես ակնկալում եմ, որ թուրքական կողմից կլինեն որոշակի դրական քայլեր։ Եթե դա տեղի չի ունենա, ապա ակնկալել, որ Թուրքիան կգնա իր դիրքորոշման ավելի մեղմացման ճանապարհով, ես կարծում եմ, հիմք չկա»։
Վերջին շաբաթներին գործընթացը հետընթաց է արձանագրել։
Նախընտրական շրջանը Թուրքիայում համընկավ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման հետ։ Այս իրադարձությանը պաշտոնական Անկարան սուր արձագանքեց՝ Երևանին խիստ քննադատության ենթարկելով։ Հայաստանի համար օդային տարածքը փակեցին ու նախազգուշացրին՝ եթե Հայաստանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի։
Թուրքական կողմի քննադատական ու նախազգուշական հայտարարություններն անձամբ արտգործնախարար Մևլյութ Չավուշողլուն էր անում։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ընտրություններից հետո նա կշարունակի պաշտոնավարել, թե կվերցնի խորհրդարանական մանդատը։ Բայց փորձագետների համոզմամբ, դա էական չէ, գլխավոր անձը հենց Էրդողանն է.
«Ի՞նչ տարբերություն, երբ որ էդ քաղաքականությանը վերջնական տեսք տվող գլխավոր դեմքը չի փոխվում», - ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Նա վստահ է, որ Երևանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը այսպիսով որևէ փոփոխության չի ենթարկվի։ Նույնը կմնան նաև թուրքական կողմի խոսույթն ու ոճը. - «Հետևաբար էդ առանցքային քաղաքականությունը պետք է շարունակվի, և եթե մենք հաշվի առնենք, որ նախագահ Էրդողանի վերընտրությունը շատ ողջունված է ադրբեջանցիների կողմեն։ Թուրքիայի ադրբեջանական ծագումով քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը քվեարկած են Էրդողանին ի նպաստ։ Էս բոլորը մեզ ցույց ենք տալիս, որ առաջիկա շրջանին Թուրքիան ինչ առաջնահերթություններով կառաջնորդվի Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնության հարցի մեջ»։
«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը շատ բարդացրեց կարգավորումը, ասում է Գոչունյանը։ Այդուհանդերձ, շեշտում է, որ գլխավոր հարցը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ այս հարցն է փորձում լուծել. - «Հիմա իրադարձությունների շարունակությանը պիտի տեսնենք, որ Հայաստանի պիտի կարողանա՞ հնարավորինս նպաստավոր հունի մեջ դնել խնդրի լուծումը, թե՞ հերթական անգամ ձախողում պիտի ունենա»։
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, «Նեմեսիս» հուշարձանի շուրջ հարևան երկրում բարձրացած աղմուկը պատահական չէր։ Ըստ նրա, սա վկայում է, որ Անկարան ոչ միայն աշխարհաքաղաքական պահանջներ ունի Հայաստանից, այլև ցանկանում է ազդել հայ ժողովրդի պատմական հիշողության վրա։
Թուրքագետի գնահատմամբ Էրդողանն այս քաղաքականությունը կշարունակի. - «Ես կարծում եմ, սա մի մասն է Թուրքիայի քաղաքականության, որը կփորձեն նրանք կիրառել Հայաստանի նկատմամբ Էրդողանի վերընտրվելուց հետո»։
Հայ-թուրքական կարգավորման բանակցություններն առայժմ մեծ արդյունք չեն տվել։ Կողմերը գործընթացի սկզբում վերականգնեցին օդային հաղորդակցությունը, պայմանավորվեցին երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը։ Սա, սակայն, դեռ տեղի չի ունեցել։
Հայտնի չէ նաև, թե երբ տեղի կունենա հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը։