Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հանդիպել է Մոլդովայի հայ համայնքի հետ և նշել, որ տեղի ունեցած քննարկումները դրական է համարում։
«Ընդհանուր առմամբ, պիտի քննարկումը համարեմ օգտակար», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կողմերը կարծես դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները։
«Սա նշանակում է ևս մի քայլ՝ վերահաստատելու 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, բայց արդեն մոտավոր պատկերացում՝ որպես հիմք, ոչ թե ճշգրիտ, այլ որպես հիմք», - ընդգծեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը«Պատրաստ ենք բացել բոլոր ուղիները»
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հետ կապված նա կրկնել է, որ պատրաստ են բացել բոլոր ուղիները, որոնք կգործեն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո։
«Իհարկե քննարկել ենք նաև գերիների ու անհետ կորածների հետ կապված հարցեր, հումանիտար այլ հարցեր։ Նաև մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, բանակցությունների մասով և այդտեղ նաև Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշումներ արտահայտել», - ասաց գործադիրի ղեկավարը։
«Ուզում եմ ապագա սերունդներին թողնեմ ՀՀ լրացված և ամբողջական վկայական»
Հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանին կադաստրի վկայական տալու իր աղմկահարույց հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք». Փաշինյան«Ես ուզում եմ ասել, որ ես շատ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ որպես հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության լրացված և ամբողջական վկայական», - ասաց Փաշինյանը։
Հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումը կայացել է 19-րդ դարի հայազգի ականավոր գործիչ Մանուկ Բեյի կառուցած պալատում։
Հնգակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս որոշ կարճ մեկնաբանություն է տվել՝ նշելով, որ հնարավորություն ունեցան անդրադառնալու մայիսի 14-ին Բրյուսելում քննարկված բոլոր թեմաներին։ Քնարկվել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները:
«Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - ասել է Միշելը:
Նրա նշած առաջիկա եռակողմ հանդիպումից բացի այսօր Մոսկվայում հանդիպում են հաղորդակցության ուղիների վերաբացման հարցով զբաղվող փոխվարչապետերը։
10 օրից՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, իսկ աշնանը՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում կրկին հնգակողմ հանդիպում է նախատեսվում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների մասնակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Միշել-Ալիև հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիսի 21-ին՝ Բրյուսելում