Ստեփանակերտը տարակուսանք է հայտնում Ալիևի հայտարարության վերաբերյալ Միլլերի արձագանքի կապակցությամբ

Պաշտոնական Ստեփանակերտը խորը հիասթափություն և տարակուսանք է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության կապակցությամբ, որում Միլլերը ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ին արված հայտարարությունները։

Արցախի ատգործնախարարությունն անբացատրելի է համարում, թե «ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել»։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ», - ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Կասկածի տակ չդնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում դրական դեր խաղալու ԱՄՆ-ը ցանկությունը՝ միևնույն ժամանակ Ստեփանակերտը գտնում է, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը։

Երևանը ևս երեկ կոչ էր արել Վաշինգտոնին համարժեք արձագանքել հայտարարություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Վաշինգտոնին հորդորում է համարժեք արձագանքել Ալիևի հայտարարություններին

Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում