Ի՞նչ նկատի ունի վարչապետ Փաշինյանը, երբ ասում է, թե Երևանի ու Բաքվի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը մեկ քայլ առաջ է։
Արդյո՞ք դա նշանակում է, որ ճանաչելով Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանը ընդունում է, որ ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, քանի դեռ հստակ չէ, թե այդ մեկ քայլ առաջն ինչ է ենթադրում, դժվար է ասել նաև, թե ինչ կարելի է սպասել այսօր Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի Ջեյհուն Բայրամովի հետ«Օրինակ, եթե ճանաչումը կա, հիմա Ադրբեջանն էդ ճանաչման շրջանակում ընդունո՞ւմ է, որ ինքը մտել է Հայաստանի տարածք Իշխանասարում, սեպտեմբերին Ջերմուկում, այլ՝ մյուս դրվագները, որոնք մենք ունենք, թե էստեղ էլի դեռ քննարկումների և այլ հարցեր կան։ Այսինքն՝ էս հարցը նույնիսկ պարզ չէ։ Հայտարարվում է, որ ճանաչել են․ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել։ Ինչպե՞ս են ճանաչելու, էդ պրոցեսն ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է այդ պրոցեսն առնչվելու մինչև այսօր եղած խախտումներին, որոնց մասին Երևանը բարձրաձայնել է, էս հանգամանքների մասին որևէ պարզ պատկերացում չկա, և, հետևաբար, շատ դժվար է ասել, թե առարկայական առաջընթացը, որ մինչև հիմա եղել է, ինչպիսինն է և էլ ինչպես կարող է զարգանալ, օրինակ, մոսկովյան հանդիպմանը», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանի համոզմամբ, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ըՎերուծաբանի խոսքով՝ նման պնդում դեռ չի կարելի անել, չնայած փաստացի դա խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։
«Եթե ես չեմ սխալվում, հետևյալ ձևակերպումներն են օգտագործվում՝ «Հայաստանը ճանաչում է 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Ադրբեջանի տարածքային ամբողջությունը», այսինքն՝ էդտեղ ձևակերպումներ են, որոնք այդքան էլ միարժեք չեն, հիմա էդ 86․6-ն է ճանաչո՞ւմ, թե՞ ճանաչում է էդ տարածք ունեցող Ադրբեջանի տարածքային ամբողջությունը։ Դիվանագիտության մեջ էս ձևակերպումները շատ-շատ կարևոր են։ Ես կարծում եմ, որ էստեղ այդուհանդերձ մենք միարժեք իրողությունների հետ առնչություն չունենք», - ասաց Բադալյանը։
Ճշտող հարցին, թե չենք կարո՞ղ միանշանակ պնդել, որ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, քաղաքական մեկնաբանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այո, այդպիսի պնդում անելու բավարար հիմքեր չկան»։
Բադալյանի համոզմամբ, չնայած հաճախակի դարձած բանակցություններին՝ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև շոշափելի համաձայնությունների նախադրյալ չկան և հաստատուն ու երաշխավորված խաղաղության հեռանկարն այդքան էլ մոտ չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ վարչապետի, Բաքվի նպատակը հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի մեջլիսի խոսնակի պնդմամբ՝ Հայաստանն է փորձում խաթարել բանակցությունները