Պաշտոնական Ստեփանակերտը սուր քննադատության է ենթարկել Եվրոպական խորհրդի նախագահին՝ ընդգծելով` «առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը»։
Արձագանքելով անցած կիրակի Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարություններին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով։
«Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք», - նշված է Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում։
Անցած կիրակի շուրջ 4 ժամ տևած եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը որևէ հայտարարություն չարեցին։ Փոխարենը խոսեց միայն Եվրոպական խորհրդի նախագահը՝ ասելով, որ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ճանաչելու մասին Հայաստանի պաշտոնական որևէ փաստաթղթում չի նշվում
Ինչո՞ւ է պաշտոնական Ստեփանակերտը քննադատում Շառլ Միշելին, ով ընդամենը փոխանցել է Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները, և հասցեական որևէ խոսք չի ուղղում Փաշինյանին, ով ըստ Շառլ Միշելի, ճանաչել է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքը, որի մեջ էլ մտնում է Լեռնային Ղարաբաղը։
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նախ նշում է, որ պաշտոնական Երևանի հայտարարություններում չեն տեսել որևէ հիշատակում Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ ճանաչելու մասին։ Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահին ուղղված քննադատությանն, ապա ըստ Հարությունյանի, բանակցությունները Բրյուսելում ընթանում են հենց Շառլ Միշելի միջնորդությամբ։ Վերջինս, սակայն, խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, որևէ խոսք չասելով ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու, դրա հետանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Բացի այդ, խոսելով 91 թվականի Ալմա Աթայի հռչակագրի մասին, որևէ կերպ չի նշվում, որ Հայաստանն այն ընդունել է վերապահումով և հենց Ղարաբաղի մասով։
«Քննադատությունը հենց դրա մասին է, որ դա միակողմանի է և նաև որպես միջնորդ Եվրամիությունը պետք է օրակարգում այդ հարցերը ունենար», - ասաց Հարությունյանը:
Հարցին՝ «ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, ինչպես Շառլ Միշելն է ասում, համաձայնել, որ Ադրբեջանի տարածքն է 86 հազար 600 քառակուսի կմ, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը», արցախցի պաշտոնյան պատասխանեց. - «Դա Շառլ Միշելի հայտարարության մեջ էր, բայց Հայաստանի ԱԳՆ-ի կամ Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական որևէ փաստաթղթում ես դա չտեսա, որ 86 հազար 600-ի մասին որևէ տեղ նշվում է»:
Արդյո՞ք Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումն արգելում է ստորագրել փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում
Իշխող խմբակցության ղեկավարի խոսքով՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից առանձնացել է այն նույն իրավական նորմերով, ինչով Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային միությունից։ Բացի այդ, Ադրբեջանի Սահմանադրության մեջ նշվում է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, իսկ դրա մեջ Ղարաբաղը երբեք չի եղել։
Եթե, այնուամենայնիվ, Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ, որով ճանաչի Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ նաև մտնում է Արցախը, ապա դա, Արթուր Հարությունյանի փոխանցմամբ, անընդունելի կլինի իրենց համար։ Շեշտում է՝ նաև Հայաստանի օրենսդրությունն է արգելում դա։
1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրուդը որոշում է ընդունել՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
«Նախ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմա համաձայն, Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի ներպետական կամ միջազգային որևէ փաստաթուղթ ստորագրել, որը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը: Դա նաև Հայաստանի ներքին օրենսդրությանն է հակասում», - ասաց Հարությունյանը:
Մինչդեռ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, այսօր արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Գերագույն խորհրդ որոշումը օրենք չէ և պարտադիր կատարման ենթակա չէ։
«Ես կարծում եմ՝ որոշումն օրենքից տարբերվում է, Ֆրանսիայի խորհրդարանն էլ է որոշել, որ Արցախն անկախ հանրապետություն է, բայց ոնց որ թե գործադիր իշխանությունը դա չի անում: Շատ բան է փոխվել այդ ընթացքում, առնվազն 30 տարի անցել է», - նշեց Խաչատրյանը:
Մասնագետ-իրավաբանների կարծիքները այս հարցում միանշանակ չեն։ Ոմանց համոզմամբ՝ Գերագույն խորհրդի 1992 թվականի այդ որոշումը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը արգելում են ստորագրել մի փաստաթուղթ, որով Հայաստանը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, որոշ մասնագետների կարծիքով՝ Գերագույն խորհրդի որոշումը ուղղակի արգելք լինել չի կարող, և այդ հարցի պատասխանը կարող է տալ Սահմանադրական դատարանը։