Հայաստանի վարչապետը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարել կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմիյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. - «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:
Բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահն էր հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Շառլ Միշելը հատուկ ընդգծել էր երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Երևանը Փաշինյան - Ալիև - Միշել բանակցություններից հետո դեռ հրապարակավ ուղիղ չի հաստատել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Փաշինյանն այսօր կրկնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հոկտեմբերին համաձայնել են հարաբերությունները կարգավորել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա. - «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»:
Ռեյկյավիկում Հայաստանի վարչապետը խոսել է նաև արդեն 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախից։ Շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հայերը հումանիտար ճգնաժամի պայմաններում են ապրում։ Փաշինյանը վերստին կարևորել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ առանց հստակեցնելու՝ ո՞ր երկիրը կամ միջազգային կազմակերպությունն է պատրաստ նման պարտականություն ստանձնելու, ու արդյո՞ք Բաքուն կողմ է դրան. - «Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:
Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործանախար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի դիվանագետը պնդել է, թե սեփական անվտանգային մարտահրավերներ ունեցող երկրից վերածվել է գլոբալ անվտանգությանը նպաստող երկրի։ Բայրամովը հայտարարել, թե 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվ աշխատում է Հայաստանի հետ տևական խաղաղություն ապահովելու համար։
Ստեղծվելու է Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստր
Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի վերջում, ի դեպ, կազմակերպության 46 անդամ երկրներ որոշել են ստեղծել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստր՝ որպես փոխհատուցման միջազգային մեխանիզմի առաջին քայլ: Այս բանաձևի ընդունմանը տարածաշրջանից միացել է միայն Վրաստանը, չեն միացել Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։
Ըստ Եվրոպական խորհրդի, ռեգիստրում կհավաքագրվի Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո տուժած բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ուկրաինային պատճառված վնասի, կորստի մասին ապացույցների և պահանջների վերաբերյալ տեղեկատվություն։