«Սա լավ լուր չէ»․ Փայլանի համոզմամբ, Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի

Թուրքիայի նախկին խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի համոզմամբ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի։

Սա լավ լուր չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, «Ազատության» հետ զրույցում ասաց Փայլանը։

Գարո Փայլանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Առաջին փուլից հետո ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության հաղթանակի հնարավորությունը՝ երկրորդ փուլում նախագահի թեկնածուի հաղթելու հնարավորությունը։

Փայլան․ - Առաջին փուլում, դժբախտաբար, Էրդողանը քվեների 49 տոկոսը ստացավ, Քըլըչդարօղլուն 45 տոկոսը ստացավ։ Այսօրվա դրությամբ Էրդողանն ավելի շատ շանս ունի երկրորդ փուլը հաղթելու, և երկրորդ՝ Էրդողանը շահեց խորհրդարանի մեծամասնությունը, սրա համար էլ մեծ շանսեր ունի։ Մեզ համար, դժբախտաբար, կարծում եմ, Էրդողանն անշուշտ երկրորդ փուլը կշահի։

«Ազատություն»․ - Դա ինչպե՞ս է ազդելու հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա։

Փայլան․ - Դժբախտաբար, հիմա ավելի ազգայնական խորհրդարան կլինի և շատ ավելի ազգայնական իշխանույթուն կլինի, սա լավ լուր չէ հայ-թուրքական հարաբերությունների համար։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները հիմա ազգայնականության խոսակցության շուրջ են, սա լավ լուր չէ՝ ավելի ազգայնական խորհրդարան, ավելի ազգայնական իշխանություն։ Ես հույս ունեի, որ հայ-թուրքական սահմանը կկարողանա բացվել գալիք ամիսների կամ շաբաթների ընթացքում, բայց նրանք անգամ օդանավերի ճանապարհը փակեցին, հիմա դժբախտաբար այդ հույսը չունեմ, բայց խաղաղության պայքարը ես պետք է շարունակեմ Թուրքիայում, որպեսզի համոզենք Էրդողանի իշխանությանն ու խորհրդարանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանից

«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը պատրվա՞կ էր Թուրքիայի համար փակելու օդային ճանապարհը։

Փայլան․ - Եթե դու պատրվակ փնտրես, կգտնես։ Դժբախտաբար, ազգայնականներն այդպես են՝ հազար հատ լավ բան կանես, նրանք չեն տեսնի, մեկ հատ մի քիչ վատ բան անես, դա կտեսնեն, բայց խաղաղություն պահանջողներն էլ վատ բաները չպիտի տեսնեն, լավ բաները պիտի տեսնեն։ Էրդողանը և իր արտգործնախարար Չավուշօղլուն, մենակ կարծեմ Ադրբեջանը պահանջեց, որ վերջանա այս լավ շրջանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին, այն էլ այս ընտրություններից առաջ։ Մենք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները լավացնելու համար այս պայքարը պետք է շարունակենք, բայց ավելի դժվար պետք է լինի։

«Ազատություն»․ - Պարոն Փայլան, Դուք այլևս նոր խորհրդարանում չեք լինելու, Դուք պատգամավոր չեք, ինչո՞վ եք մտադիր զբաղվել։

Փայլան․ - Ես ակտիվիստ եմ մարդու իրավունքների հարցերով, և հիմա, եթե ազատ լինեմ, այս պայքարը պիտի շարունակեմ։ Հիմա ամեն ինչ ավելի դժվար պետք է լինի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելն էլ, հայերի պահանջների մասին խոսելն էլ, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն էլ։ Մեզ համար ամեն ինչ ավելի դժվար պետք է լինի, բայց պայքարը պետք է շարունակենք, եթե պայքարը շարունակենք, հույս կա։

«Ազատություն»․ - Դուք Ձեր անվտանգության համար մտավախություն ունե՞ք, կորցնում եք պատգամավորի կարգավիճակը։

Փայլան․ - Անշուշ, ինձ համար էլ մտահոգ եմ, բայց ես դրա իրավունքը չունեմ, ես Թուրքիայի հայերի համար, Թուրքիայում հայ ժողովրդի համար մտահոգ եմ, այդ տեսակ ազգայնական շրջանի մեջ ամեն ինչ ավելի դժվար պետք է լինի, հատկապես նրանց համար, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ինձ համար էլ ամեն ինչ ավելի դժվար պետք է լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում նշանակվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը