Առաջին անգամ թուրքական Հանրապետության մեկդարյա պատմության ընթացքում, երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվեց՝ թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49.51, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը։ Այսպիսով կիրակի՝ մայիսի 28-ին, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլը», - այսօր Անկարայում հայտարարեց Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհրդի նախագահ Ահմետ Յեները։
Կիրակնօրյա քվեարկությանը նախորդած օրերին հրապարակված սոցհարցումները, սակայն, երկրորդ փուլի անցկացումը քիչ հավանական էին համարում՝ պնդելով, որ Էրդողանը կարող է պարտվել արդեն առաջին փուլում։ Թուրքիայի նախագահը, սակայն, սպասվածից անհամեմատ ավելի լավ հանդես եկավ։
«Իմ հավաքած քվեների քանակը 2 միլիոն 600 հազարով գերազանցում է իմ գլխավոր մրցակցի ստացած ձայների քանակին։ Ես վստահ եմ, որ երբ հրապարակվեն վերջնական արդյունքները, այդ թիվն էլ ավելի կաճի», - անցած գիշեր Անկարայում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի պատշգամբից իր հազարավոր կողմնակիցներին դիմելով, հայտարարում էր Էրդողանը։
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, չնայած սպասվածից վատ ցուցանիշին, կիրակնօրյա ընտրությունները որպես մարտավարական հաղթանակ էր որակում։
«Չնայած այն բոլոր զրպարտություններին և վիրավորանքներին, որոնց դիմեց Էրդողանը [ընտրարշավի ընթացքում], նրան չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Ընտրություններում հաղթանակը պատշգամբներից հնչեցրած ելույթները չեն, առավել ևս, որ քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Եթե մեր ժողովուրդը որոշել է, որ երկրորդ փուլ է լինելու՝ հաճույքով կմասնակցենք դրան։ Կասկած չկա, որ երկրորդ փուլում մենք հաղթելու ենք», - գիշերը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն։
Կիրակնօրյա ընտրությունների գլխավոր անակնկալը, սակայն, մատուցեց դրանց մասնակցած երրորդ թեկնածուն՝ ազգայնական Սինան Օղանը։ Թուրք սոցիոլոգները պնդում էին, որ նա առավելագույնը կարող է հավակնել քվեների 2.5-ից 3 տոկոսին։ Պաշտոնական տվյալների համաձայն, Օղանը ստացել է քվեների ավելի քան հինգ տոկոսը, ինչը այս թեկնածուին հնարավորություն է տալիս մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլից առաջ խոսել ուժի դիրքերից և նույնիսկ նախապայմաններ առաջ քաշել։
«Եթե մենք որոշենք միանալ ընդդիմադիր ուժերի դաշինքին, հարկավոր է լինելու հատուկ հուշագիր ստորագրել, որով կբացառվի ցանկացած զիջում [քրդամետ] Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը», - Reuters-ի հետ զրույցում այսօր նշում էր Օղանը։
Այս պահին դժվար է ասել՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուի թիմը կընդառաջի Սինան Օղանի այս պահանջին։ Բանն այն է, որ երեկ քրդերը ընդդիմության միասնական թեկնածուի ամենակարգապահ ընտրողների թվում էին։ Դրա ապացույցներից մեկն այն է, որ Քըլըչդարօղլուի 10 ամենաբարձր ցուցանիշերից յոթը արձանագրվել են Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։
Բացի այդ երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանի և Էրդողանի հնարավոր դաշինքի օգտին են խոսում նաև այս գործչի անցած քաղաքական ուղին և ծագումը։
Օղանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ծնվել է Իգդիրում, 90-ականներին ապրել է Բաքվում՝ դասախոսելով տեղի Տնտեսագիտական համալսարանում։ Ռուսերեն հեղինակած թեկնածուական թեզը Օղանը պաշտպանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում МГИМО- ում 2009 թվականին։
Եվ եթե նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն միայն երկու շաբաթից, Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի հարցում ամեն ինչ գրեթե հստակ է։ Էրդողանի կուսակիցներն երեկ նաև Ազգային մեծ ժողովի ընտրություններում կարողացան լուրջ հաջողություն արձանագրել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, Էրդողանի կուսակցությունը՝ դաշնակիցների հետ միասին 600 տեղանոց խորհրդարանում 322 պատգամավոր կունենա՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի 213 և քրդերի 61 մանդատների դիմաց։
Այս հաջողության համար, ի դեպ, Էրդողանը կրկին պարտական է թուրք ազգայնականներին։ Նախագահի գլխավոր դաշնակից Դևլեթ Բահչելիի «Ազգայնական շարժումը» նախընտրական հարցումների մեծ մասի համաձայն կարող էր դուրս մնալ խորհրդարանից։ Երեկ երեկոյան, սակայն, պարզ դարձավ՝ ազգայնականները ոչ միայն հաղթահարում են խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը, այլև քվեների 10 տոկոսով դառնում են երկրի երրորդ ամենաազդեցիկ քաղաքական ուժը։