Թուրքիան այսօր նախագահ և խորհրդարան է ընտրում, այս քվեարկությունը կարող է փակել Ռեջեփ Էրդողանի 20-ամյա պաշտոնավարման էջը:
Ընդդիմադիր վեց կուսակցություններ համախմբվել են նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ՝ առաջին անգամ իշխանության գալու իրական հնարավորություն ստանալով: Մի շարք հարցումներ վկայում են, որ 74-ամյա Քըլըչդարօղլուն կարող է հենց այսօր՝ առաջին փուլում հաղթել՝ ստանալով հիսուն տոկոսից ավելի ձայն:
Ընտրությունները հաջորդում են 50 հազար մարդու կյանք խլած երկրաշարժին։ Էրդողանի իշխանությունը քննադատության է արժանացել երկրի այդ հատվածները անտերության մատնելու, ենթակառուցվածքներ չկառուցելու, շինարարական նորմերին չհետևելու համար, ինչն էլ աղետի ծավալը զգալի մեծացրել է։ Պաշտոնավարման այս փուլն Էրդողանն ամփոփում է տնտեսական ծանր դրությամբ. ազգային արժույթը՝ լիրան աննախադեպ արժեզրկվել է, իշխանությունները չեն կարողանում զսպել գնաճը:
Հայաստանցիներին, իհարկե, ամենաշատը հետաքրրքրում է, թե արդյոք Թուրքիայում իշխանության փոփոխությամբ կփոխվի նաև Անկարայի քաղաքականությունը Երևանի հանդեպ, հայ-թուրքական կարգավորումը իրականություն կդառնա, կդադարի աջակցությունը Ադրբեջանին: Այս իմաստով, ընդդիմությունը բավական սակավախոս է, հայ-թուրքական հարաբերությունները Քըլըչդարօղլուի ընտրարշավի էական հարցերից չեն: Փոխարենը՝ Էրդողանի թիմակից, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախընտրական հանդիպումներից մեկում հայտարարեց, թե ընդդիմությանը դուր չի գալիս Անկարայի աջակցությունը Բաքվին: Ի դեպ, ադրբեջանական իշխանական մամուլն էլ ակտիվ քարոզչություն է տանում հոգուտ Էրդողանի թեկնածություն:
Քեմալ Քըլըչդարօղլուն արևմտյան կողմնորոշում ունի, ավելին, քվեարկության նախօրեին նա Ռուսաստանին մեղադրեց Թուրքիայում ընտրական դավադրությունների համար՝ Մոսկվային կոչ անելով ձեռքերը հեռու պահել Թուրքիայից։ Էրդողանն ու թիմակիցներն արդեն բաց տեքստով են հայտարարում, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ընդդիմության միջոցով իշխանափոխություն են ծրագրել Թուրքիայում:
Քըլըչդարօղլուն խոստանում է ժողովրդավարական բարեփոխումներ, ազատ խոսքի պաշտպանություն, հարթել Թուրքիայի հակասությունները ՆԱՏՕ-ի հետ, խորացնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համգործակցությունը, ոտքի կանգնեցնել տնտեսությունը և փոխել Սահմանադրությունը՝ վերադառնալով նախկին՝ խորհրդարանական համակարգին:
Ի դեպ, վերջին օրերին ընդդիմադիրները նաև հնարավոր ընտրակեղծիքների մասին են ահազանգում: Էրդողանի համար հատկապես բարդ է լինելու հաղթել խոշոր քաղաքներում, որտեղ նա վաղուց արդեն կորցրել է վստահությունը, Ստամբուլում քաղաքապետը ընդդիմադիր է, տևական ժամանակ նա հետապնդվում էր իշխանությունների կողմից, մայրաքաղաք Անկարայի ղեկավարումը ևս անցել է ընդդիմությանը: