Թուրքիայի ընդդիմությանը սատարող ANKA լրատվական գործակալությունը պնդում է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն քվեների 7.66 տոկոսով առաջ է անցնում գործող նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանից:
Ավելի վաղ TRT թուրքական հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի Ընտրական բարձրագուն խորհրդին, հայտնել է, որ քվեների 50 տոկոսի ամփոփման տվյալներով, Էրդողանի օգտին ձայն են տվել քաղաքացիների ավելի քան 51.49 տոկոսն, իսկ Քըլըչդարօղլուն քվեների 43.83 տոկոսն է ստացել:
Այդպիսով, ընդդիմադիր թեկծաուի օգտին տրված քվեների թիվը սկսել է որոշակիորեն ավելանալ, իսկ Էրդողանի օգտին տրված ձայները տոկոսային հաշվարկով՝ փոքր-ինչ նվազել:
Երրորդ թեկնածուն՝ Սինան Օղանը ստանում է քվեների 5.33 տոկոսն, իսկ պայքարն ընդհատած Մուհարեմ Ինջեն՝ 0.54 տոկոսը: Ավելի վաղ Թուրքիայի Ընտրական բարձրագուն խորհրդը վճռել է, որ Ինջեի օգտին քվեներն ուժ ունեցող կհամարվեն:
Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացումը» 600 տեղանոց Ազգային մեծ ժողովում նախնական տվյալներով՝ 348 տեղ է ստանում, իսկ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետականը՝ 133 տեղ: