Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրետանային և ականանետային կրակ Սոթքի հատվածում, հայկական կողմը հաղորդում է 4 վիրավորի, Ադրբեջանը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին (թարմացվող)Վարչապետի խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը մտացածին համարեց հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի երեկվա պնդումները՝ շեշտելով՝ նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայկական կողմը շարունակում է գնդակոծել իրենց դիրքերը«Եթե իրադրությունը սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել՝ գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով», - ասաց Փաշինյանը։
Բաքուն այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից, հայտարարեց վարչապետը՝ նկատելով՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում«Բրյուսելում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է»
Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։
«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվելԱյսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է չորս վիրավորների, ադրբեջանականը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:
Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կոչ է անում Բաքվին դադարեցնել Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերը