Մատչելիության հղումներ

Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվել


Սոչիում ընդունված համատեղ հայտարարությամբ երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդգծել են խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ասվում է, որ առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը, իսկ Ռուսաստանը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:

«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի», - գրված է հայտարարության մեջ։

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունները պահելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։

Սա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև համաձայնեցված չորրորդ հայտարարությունն է, այն դեպքում, երբ նախորդ երեքի մի շարք կետեր, այդ թվում՝ ճանապարհների ապաշրջափակումն ու հայ գերիների վերադարձը, մինչ օրս իրականություն չեն դարձել։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, ապա նրանք հանդիպեցին 2021 թվականի հունվարի 11-ին և կրկին հայտարարություն ընդունեցին, նախավերջինը նոյեմբերի 26-ին էր՝ կրկին Սոչիում:

Սոչիի հայտարարության մեջ նշվում է նաև, որ նրանք համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Հայտարարությունում անդրադարձ կա ռուսական խաղաղապահ առաքելությանը ևս. «Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը»։

Փաշինյանն ու Ալիևը նաև ողջունել են Ռուսաստանի պատրաստակամությունը` «ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը», փոխանցում է ՀՀ կառավարությունը:

Ավելի վաղ Պուտինն առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ:

XS
SM
MD
LG