Ժամը 8:25-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան», - նաև ասված է Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ժամը 8-ի դրությամբ հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։
Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: