Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Անվտանգության խորհրդի գրասենյակից էլ հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կողմերը շեշտել են՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։
ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ:
Իգոր Խովաևին այսօր ընդունել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Միրզոյանն, ըստ հաղորդագրության, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր ավելի վաղ «Ազատությանը» հայտնել է, որ ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ, մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում։
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Վաշինգտոնում էր։ Ամերիկյան կողմը քառօրյա բանակցությունները կառուցողական էր որակել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը։ Մինչդեռ Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություններով ընդգծել էին, որ առանցքային հարցերում տարաձայնությունները պահպանվել են։