Ալիևը հուսով է, որ վաշինգտոնյան հանդիպումն առաջխաղացում կապահովի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումն առաջխաղացում կապահովի Բաքվի և Երևանի հարաբերություններում:
Այդ մասին նա ասել է «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով այսօր Շուշիում գումարված համաժողովում, որը նվիրված է հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին:
Հավաքը, որին մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքական փորձագետներ արտասահմանյան համալսարաններից, լրագրողներ և դիվանագետներ, կազմակերպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական համալսարանը, որի ղեկավարը փոխարտգործնախարար, նախկինում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաևն է:
Դիմելով միջոցառման մասնակիցներին՝ Ալիևը նրանց ուշադրությունն է հրավիրել Շուշիի վիճակի վրա, ասելով, որ Ադրբեջանը հիմա մեծ միջոցներով վերականգնում է քաղաքը, շատ տեղերում՝ զրոյից: Դա, ըստ Ալիևի, վկայում է, որ «Շուշին հայկական չի եղել»:
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Շուշին հայերի համար երբևէ հայրենի քաղաք չի եղել, եթե լիներ, նրանք այն չէին ոչնչացնի, կպահպանեին և կզարգացնեին»,- ասել է Ալիևը:
Ըստ Ալիևի, «հայերը մշտապես ձգձգել են բանակցային գործընթացը»
Ադրբեջանի ղեկավարը խոսել է բանակցային գործընթացի մասին, պնդելով, թե երկար տարիներ այն առաջ չի շարժվել, քանի որ «հայկական կողմը դա չի ցանկացել»: Նրա խոսքով, հայերը փորձել են սառեցնել 2020-ի պատերազմից առաջ ստեղծված վիճակը:
«Նրանց գործելակերպն էր «մեկ քայլ առաջ, հինգ-տասը քայլ հետ»: Նրանք ուզում էին սառեցնել և օրինականացնել ստատուս-քվոն, հուսով էին, որ մենք կզիջենք: Ակնկալում էին, որ նրանց սատարող միջազգային դերակատարները նաև կկռվեն նրանց փոխարեն, դա սխալ հաշվարկ էր»,- ասել է Ալիևը:
Հայկական կողմը հիմա, ըստ Ալիևի, կարող է փորձել նույնն անել՝ ձգձգել և ինչ-որ հրաշքի սպասել, բայց էլի կկորցնի:
Ալիևն ասել է, թե հայկական կողմը «չի կարողացել կայացնել հիրավի անկախ երկիր, չի ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում, «և այժմ նոր տեր կամ տերեր են որոնում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, անակնկալներ այնտեղ չկան. վարչապետԱլիևն ասել է նաև, թե հայկական կողմի հետ հանդիպումներում ինքը բազմիցս ընդգծել է, որ խաղաղությունը և կոմունիկացիաների բացումը հենց Հայաստանի շահերից է բխում, քանի որ այդպես Հայաստանը կկարողանա հասնել տարբեր շուկաներ:
«Աշխարհաքաղաքական վիճակը փոխվել է»
Ըստ Ալիևի, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ընդ որում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
«Աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում Ադրբեջանն ունի իր կայուն տեղը, որը հետզհետե էլ ավելի է ամրապնդվում»,- ասել է նա և ենթադրել, որ եթե Հայաստանը մերժի խաղաղությունն, ապա լուրջ խնդիր կունենա աշխարհում տեղը գտնելու գործում:
Իլհամ Ալիևը խոսել է Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների մասին:
«Հույս ունեմ, որ վաշինգտոնյան բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե ինչ-որ տեսանելի առաջխաղացում կտան»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նրա փոխանցմամբ, Բաքուն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երևանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի չորս տարբերակ: Ընդ որում, ավելի քան 40 օր է պահանջվել վերջին՝ չորրորդ տարբերակին Երևանի պատասխանը ստանալու համար: Այն հասել է վաշինգտոնյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ:
Ալիևը հայերի պատասխանում նոր «ոտնձգություններ» է նկատում
«Նրանք {հայերը} հասկանում էին, որ առանց այդ պատասխանի Վաշինգտոնի հանդիպումը չի լինի»,- ասել է Ալիևը:
Չմանրամասնելով, նա ասել է, թե ադրբեջանական կողմն այդ պատասխանում վերստին նկատել է «ոտնձգություններ» Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Նա ընդգծել է, թե «գոյություն չունեցող այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը խաղաղ պայմանագրի տեքստում ընդգրկելու ցանկացած փորձ հակակառուցողական կլինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունըԱլիևի այսօրվա մեկնաբանություններում նաև երևակվել է մի ուշագրավ հանգամանք, որն ինչ-որ չափով թույլ է տալիս պատկերացում կազմել քննարկվող հարցերի շրջանակի գոնե մի մասի վերաբերյալ: Առնվազն կարելի է փաստել, որ փաստաթղթում հիշատակվում է համատեղ ջանքերով որոշ վտանգներին հակազդելու հնարավորությունը:
«Երբ մենք գրեցինք «ահաբեկչության, ծայրահեղականության, արմատականության և անջատականության դեմ համատեղ պայքարելու» հնարավորությունը, հայերն ամեն ինչ ընդունեցին, բայց «անջատականությունը» տեքստից ջնջեցին: Սա նշանակում է, որ նրանք էլի կարող են շարունակել անջատականությանը սատարելու գործելակերպը»,- ասել է Ալիևը:
Ուշագրավ մյուս հանգամանքն Ալիևի խոսքում բանակցությունների ձևաչափի մասին է: Նա համոզված է, որ «արդյունավետն ուղիղ բանակցությունն է». - «Առավել արդյունավետը կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ բանակցությունն առանց միջնորդի»:
Ալիևի և Էրդողանի օրոք երկու երկրների կապերն էլ ավելի են հզորացել
«Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով այսօր Շուշիում գումարված համաժողովում Իլհամ Ալիևը խոսել է իր երկրի էներգետիկ կարողությունների զարգացման, Եվրոպայի հուսալի մատակարարը դառնալու, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համագործակցության մասին:
Նա ընդգծել է, որ երկու երկրները ոչ միայն գործընկերներ են, այլև դաշնակիցներ, և դրան ուղղված քաղաքականությունը հատկապես զարգացել ու հզորացել է անցած երկու տասնամյակում, Ադրբեջանում՝ իր և Թուրքիայում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք: