Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հորդորում է ՄԱԿ-ի ԱԽ-ին ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կոչերի փոխարեն


Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ խախտելով եռակողմ հայտարարությունը, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։

«Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ պաշտոնական Ստեփանակերտը շեշտում է՝ այն
փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ «Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, և որը հետագայում համակարգված և հետևողականորեն իրականացվել է այդ երկրի բոլոր իշխանությունների կողմից»:

Արտգործնախարարությունը հավելում է, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները այսօր էլ հնչեցնում են նույն մտքերը, ինչ 32 տարի առաջ՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից. «Ինչպես և 30 տարի առաջ, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Արցախից հորդորում են միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ «կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ»։

«Օղակ» գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տասը հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեցին, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ, հիշեցնում է Արցախի ԱԳ նախարարությունը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել այնտեղ: Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը:

XS
SM
MD
LG