Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Փաշինյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Կարևորվել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը, նշված է հաղորդագրությունում:
Նրանք անդրադարձել են հումանիտար բնույթի այլ հարցերի: