Մատչելիության հղումներ

Ռուսաստանից բացի որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան


Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից 5 օր անց Հայաստանի վարչապետը հրապարակավ անդրադարձավ խնդրին:

«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը պնդեց՝ Ռուսաստանից բացի, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասաց կառավարության ղեկավարը:

Ներկայացնելով իրադրության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ Փաշինյանը հերթական անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։ Վարչապետը նաև անհրաժեշտ համարեց Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը։

«Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի պետք է կասեցվեն, և դրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է ՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է ՌԴ-ին

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրմանը երեկ Հանրայինի հետ զրույցում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը պնդեց՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հետևաբար հենց Ռուսաստանն էլ պետք է ճանապարհը բացելու խնդիրը լուծի։

Նկատենք, նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց հայտարարության մեջ որևէ խոսք չկա, որ միջանցքը պատկանում է Ռուսաստանին։

«Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են Ռուս խաղաղապահները, պատկանում է, որովհետև նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը», - Նշել է Գրիգորյանը:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ նաև պնդեց՝ եթե Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս, ուրեմն ռուսները պետք է գործողությունների դիմեն։ Արմեն Գրիգորյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ գործողություններ են ակնկալում խաղաղապահ զորակազմից, որը մինչև օրս գործունեության մանդատ չունի։

«Եթե հնարավոր է բանակցություններով լուծել, բնականաբար, բոլորս էլ երջանիկ կլինենք, բոլորն էլ ուզում են դիվանագիտության շնորհիվ, այսինքն, խոսելու շնորհիվ հարցեր լուծել, իսկ եթե չեն լուծվում այդ ճանապարհով հարցերը, պետք է գործողություններ հետևեն», - ընդգծել է նա:

«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, պարզ չէ, թե Հայաստանի ինչին է պետք է»

Վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը նշում է, թե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ բառապաշար է օգտագործել․ նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը ոչ թե պատկանում է Ռուսաստանին, այլ՝ գտնվում է վերահսկողության տակ։ Մյուս կողմից, վերլուծաբանն ընդգծում է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում, Ռուսաստանը կարող է ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, այլ հարց է՝ Մոսկվան կգնա՞ կոշտ քայլերի, թե՝ ոչ։

Ամեն դեպքում, Գրիգորյանի համոզմամբ, ռուսական կողմը պետք է գիտակից, որ եթե Ադրբեջանի այս մի սադրանքն էլ հանդուրժի, ապա հարցականի տակ կդնի ընդհանրապես իր ներկայության նպատակահարմարությունը Հարավային Կովկասում։

«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և ընդհանրապես հայկական Լեռնային Ղարաբաղի գոյությունը, պարզ չէ, թե ընդհանրապես Հայաստանի ինչին է պետք է Ռուսաստանը, և սա կարող է դառնալ մի գործընթացի սկիզբ, որի վերջը կարող է լինել հենց Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից», - նշեց վերլուծաբանը:

Պաշտոնական Մոսկվան առայժմ խնդրի կարգավորման հնարավոր տարբերակների մասին հրապարակավ չի խոսում։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր միայն վստահեցրել է, որ ռուսական խաղաղապահների զորակազմի միջոցով, ինչպես նաև քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունների հուն վերադառնալու համար։ Արդյունքներ, սակայն, մինչ այս պահը չկան։

Ռուսաստանի ՊՆ հաստատեց՝ Վոլկովին փոխարինում է Լենցովը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ ի վերջո հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովին այդ պաշտոնում ապրիլի 25-ից փոխարինում է Ռուսաստանի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լենցովին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հարությունյանն ակնկալել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը սեղմ ժամկետներում կվերացնի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտները:

Առայժմ պաշտոնական Ստեփանակերտը Լենցովի մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ իրականացվող բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG