Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, անակնկալներ այնտեղ չկան. վարչապետ


Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ անակնկալներ այնտեղ չկան։ Որևէ դետալ, սակայն, Փաշինյանը չհրապարակեց՝ ընդդիմադիրներին կրկին առաջարկելով Արտգործնախարարությունում ծանոթանալ փաստաթղթին։

«Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ որ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ներկայացրել եմ։ Սեղանին կա փաստաթուղթ, թե ոչ, այո, կա սեղանին փաստաթուղթ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից, այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, մանրամասների մասով տեքստային տարբերակների մասով կարող եք և Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և կարող եք մեր առաջարկներին, մեր ռեակցիաներին ծանոթանալ», - նշեց նա։

Վարչապետը հրաժարվեց ասել՝ արդյոք առաջիկայում արդեն նախատեսվում է փաստաթղթի կամ որևէ հայտարարության ստորագրում, թե տեսակետները դեռ հեռու են։

«Որովհետև պարզվի, որ թուղթ կա, որ արդեն սեղանին, վերջին մտածումներն են՝ ստորագրենք, թե չստորագրենք, դա վատ նորություն չի, դա լավ նորություն է։ Այս պահին եկեք ոչ մի… հիմա քանի որ այնտեղ բանակցություն է գնում, որևէ պոզիտիվ, որևէ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք ոչ մի բան չասենք, բայց ես ուզում եմ ասել նաև, թե ես ինչ հանձնարարական եմ տվել մեր բանակցող թիմին։ Էլի հաշվի առնելով, թե ինչքան մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ՝ հիշեք՝ այն թուղթը, որ դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու, և բանակցեք ազատ, դրված մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում», - շեշտեց նա։

Հայ-ադրբեջանական երրորդ օրը շարունակվող բանակցությունների ֆոնին վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղությունը հնարավոր է, սակայն դա կարող է ենթադրել նաև հայկական կողմի համար անընդունելի պայմաններ. - «Այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ և ՀՀ ժողովրդի համար»։

Նիկոլ Փաշինյանը թեև բանակցություններից մանրամասներ չհայտնեց, սակայն շեշտեց՝ պետք է գտնել հնարավորինս բալանսավորված լուծում. - «Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիաները և էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և հնարավորինս մոտեցնել իրար և բերել նույն հարթության ու նույն դաշտի վրա։ Ինչքանով դա հնարավոր կլինի՝ ես չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես միանշանակ կարող եմ ասել»։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար ընդդիմության քննադատությանն արժանացած Նիկոլ Փաշինյանն այսօր էլ պնդեց՝ տարածքային պահանջներ Հայաստանը որևէ մեկից չունի։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՀՀ-ն, այս ամբիոնից մի շաբաթ առաջ ես դա հայտարարել եմ, պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, և սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալ, հակառակ դեպքում՝ ասում եմ՝ եկեք նայենք, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք, որպես պետություն չլինենք, և անում են», - ասաց նա։

Վաշինգտոնից վերադառանալուց հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նաև Մոսկվայում են հանդիպելու, համենայն դեպս ռուսական կողմը պնդում է, որ նման պայմանավորվածություն կա։ Փաշինյանը հայտարարեց, որ կարգավորման առաջարկ Արևմուտքից Հայաստանը չի ստացել, իսկ ռուսական տարբերակը Երևանը ընդունում է։

Վարչապետն այսօր անդրադարձավ Հայաստանի անվտանգությանը նոր բաղադրիչներ ավելացնելու հնարավորությանը՝ կրկին առանց երկրների անուններ տալու շեշտելով, որ դա կարող է օգուտից բացի նաև վնաս տալ։

«Կարող է լինել վարկած, կամ առաջարկ, կամ մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, ինչը մոտեցում է, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի, որովհետև նոր կոմպոնենտները կարող են, իհարկե, որոշ գոյություն ունեցող ռիսկեր կառավարել, բայց մյուս կողմից կարող են նաև իրենց հերթին նոր ռիսկեր առաջացնել», - նկատեց նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG