«Զանգեզուրյան միջանցքը» չստանալու պատճառով, թե՞ «զենքի տեղափոխումը» կանխելու նպատակով Արցախը Հայաստանին կապող ճանապարհին հայտնվեցին ադրբեջանական դրոշն ու անցակետը։
Բաքուն Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրելու մտադրության մասին առաջին անգամ բարձրաձայն խոսեց դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին պնդեց՝ եթե Հայաստանը ադրբեջանին անարգել ու առանց մաքսակետ ճանապարհ չտա Զանգեզուրով, Բաքուն մաքսակետ կդնի Լաչինի միջանցքում:
«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը Զանգեզուրի միջանցքով, ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձումԱյդուհետ թեման սկսվեց լայնորեն շրջանառվել ադրբեջանական մամուլում։
«Երևանի հետագա համառությունը իսկապես կարող է հանգեցնել նրան, որ Լաչինի շրջանի մուտքի մոտ անձնագրային և մաքսային հսկողության կետեր հայտնվեն», - 2021 թվականի դեկտեմբերի կեսերին գրեց Azertac պետական գործակալությունը՝ հավելելով,- «թե դա ինչպես կարող է ապագայում (ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում) արտացոլվել տարածաշրջանի ընդհանուր պատկերի վրա, Հայաստանում կարող են ինքնուրույն կռահել՝ առանց մեր հուշումների»։
«Հայաստանը անցակետ է ուզում Զանգեզուրի միջանցքո՞ւմ, կստանա, բայց Լաչինում», - իր հերթին նախազգուշացրեց Ադրբեջանի ուժային կառույցների հետ կապեր ունեցող Caliber պարբերականը։
Հետագայում, սակայն, զուգահեռը «զանգեզուրյան միջանցքի հետ» երկրորդ պլան մղվեց։ Ավելի հաճախ սկսեց շրջանառվել թեզը, թե անհրաժեշտ է անցակետ տեղադրել, քանի որ հայկական կողմը ռազմական նպատակներով է օգտագործում Լաչինի ճանապարհը:
«Միջանցքն օգտագործվում է այլ նպատակներով, դրան պետք է վերջ դրվի»,-անցյալ տարվա նոյեմբերի 24-ին հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը։
Դրանից մի քանի օր անց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանի մտահոգությունները փարատելու համար Բաքվի հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա` ռուսական անցակետում, հատուկ սարքավորումներով հագեցած մինի մաքսակետ պետք է տեղադրվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ չի տեղադրվելու. Արցախի ԱԱԾ«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Մինչ այս պահը մենք տեխնիկական հսկողության միջոցներ չունեինք», - նշել էր Վոլկովը։
Ադրբեջանական լրատվամիջոցները սկզբում պնդեցին, թե անցակետը Բաքվի հսկողության տակ է լինելու: Իսկ երբ Ստեփանակերտը հերքեց, Լաչինի միջանցքում հայտնվեց էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների խումբը, որն արդեն չորորդ ամիսն է` շրջափակման մեջ է պահում Արցախը։
Մինչ նրանք բնապահպանական կարգախոսներ էին հնչեցնում` ադրբեջանցի զինվորականների հսկողության տակ, Բաքուն շարունակում էր Լաչինի իբր ապօրինի օգտագործման հարցը բարձրացնել դիվանագիտական ատյաններում։ Ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարը անցած փետրվարին Բաքվում հայտարարեց՝ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում:
«Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմը պետք է լիարժեքորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի-10-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչը բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովում է ենթադրում։ Մեր շփումներում մենք փորձում ենք հասնել դրան՝ նախևառաջ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Որևէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի», - ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը չէր բացառել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհին տեխնիկական ստուգման հավելյալ միջոցներ կարող են ներդրվել, ինչպես նաև պնդել, թե Լաչինի միջանցքը մոտ ապագայում կբացվի:
Հակառակ ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոստումներին` ճանապարհը փակվեց նաև մյուս ծայրում: Ադրբեջանական լրատվամիջոցները հիմա հեղեղված են նոր անցակետի ու այնտեղ տեղադրված ադրբեջանական դրոշի նկարներով:
Չնայած Մինսկի խմբի երեք երկրներից հնչող մտահոգոթյուններին` արտգործնախարար Բայրամովը անցած օրերին ակնարկել է, թե սահմանային անցակետից հրաժարվելու մտադրություն չունեն:
«Դա կապահովի թափանցիկություն ու անվտանգություն»,֊ պնդել էր ադրբեջանցի պաշտոնյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքին մտահոգում է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը