Մատչելիության հղումներ

Հայաստանը ռուս խաղաղապահներից ակնկալում է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքեր. ՊՆ նախարար


Հայաստանը ռուս խաղաղապահներից ակնկալում է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքեր։ Երևանում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ այսօրվա հանդիպումից հետո ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Առաջին իսկ օրը, երբ Ադրբեջանը փակեց Հակարիի կամուրջն ու հայտարարեց անցակետ տեղադրելու ծրագրերի մասին, Երևանը Մոսկվային կոչ արեց ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից։

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Ընդգծել եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը», - «Ֆեյսբուք»-ում գրել էր Սուրեն Պապիկյանը:

Խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխության մասին ՌԴ ՊՆ-ն երկու օր առաջ հաղորդեց։

Անդրեյ Վոլկովին փոխարինած գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը այսօր Երևանում էր, երեկ Ստեփանակերտում էր բանակցություններ անցկացրել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ստեփանակերտը մերժել է ադրբեջանցիների պահանջը. Արթուր Հարությունյան

Արդեն մեկ շաբաթ Հայաստան-Արցախ սահմանագծին անցակետ տեղադրող ադրբեջանցիները պահանջում են Լաչինի միջանցքում անձնագրային ստուգում, բեռների հսկողություն։ Ստեփանակերտը, «Ազատությանն» ասաց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք, քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, դա մերժել է: Դիրքորոշումը Արցախի նախագահի հետ երեկվա հանդիպմանն են ներկայացրել։

«Այն կետերը, որոնց մասին հիմա խոսում է՝ անցագրային հսկողություն, այլ տեսակի հսկողություններ, դրանք մենք ներկայացրել ենք, որ մեր համար անընդունելի են, և դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է, որոնք պետք է վերացվեն: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինչ որ գրված է, անվերապահորեն պետք է այդպես էլ կատարվի: Այսինքն՝ միջանցքի տրամաբանությունը, 5 կմ անվտանգության գոտի, բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը երկու ուղղություններով պետք է ապահովվի», - ասաց Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանցիների հետ ռուս գեներալի հանդիպումների մասին թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմերից հրապարակային չի հայտարարվել, բայց, Հարությունյանի խոսքով, Հակարիի կամուրջը բացելու շուրջ Ստեփանակերտի ու Բաքվի հետ Լենցովն է բանակցում՝ առանձին-առանձին։ 6-րդ օրն է, սակայն, այդ բանակցությունները արդյունք չեն տալիս։

Ուղիղ 4.5 ամիս ռուս խաղաղապահները հայտարարում էին, թե ադրբեջանցիների հետ բանակցում են նաև Լաչինի միջանցքի փակ մյուս հատվածը բացելու շուրջ։ Եթե այս բանակցությունների արդյունքում էլ առաջընթաց չի արձանագրվում, որո՞նք են լինելու Ստեփանակերտի քայլերը։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է՝ իրենց սկզբունքը չի փոխվել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա կլինի կործանում, այդ գաղափարը սպասարկող ցանկացած քայլ, այդ թվում՝ մաքսակետի տեղադրումը, անընդունելի է։ Իրենք այժմ Երևանից, Մոսկվայից ու Արևմուտքից կոնկրետ պատասխաններ են ակնկալում, որ իրենց անելիքն իմանան:

«Թող բոլորն ասեն՝ Երևան, Մոսկվա, Արևմուտք, եթե փոխվել է ձեր միտքը, ասեք՝ մեր միտքը փոխվել է, մենք էլ տեսնենք ըստ այդմ եթե այդ սկզբունքներին հակասող է, որոշում կայացնենք՝ արդեն Արցախը միայնակ, որովհետև եթե բոլորը գան այն եզրակացության, որ իրենք բոլորը ճանաչում են Ադրբեջանի մաս, որը կարող է այդպես լինել, չենք ուզում, չենք հավատում, որ Հայաստանը կարող է գնալ դրան, բայց մարդ ես էլի, ըստ այդմ տեսնենք, լավ, խեղճ ու կրակ արցախցիներն ինչ անեն, ինչ ելք ունենք, որպեսզի չնվաստացվենք և երեխաների մորթ չլինի, սա է հարցը», - ասաց Բաբայանը:

Լաչինի միջանցքում անցակետ դնելու գաղափարի մասին Ադրբեջանի նախագահը փետրվարին հայտարարեց, 2.5 ամիս անց իրականացրեց։ Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը անընդունելի համարեց, այսօր ևս Միրզոյանը պնդել է՝ Երևանն այդ հարցով նոր բանակցությունների չի գնա։

XS
SM
MD
LG