Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքի նոր կարգավորման բանակցություններում Երևանը չի պատրաստվում ներգրավվել․ Միրզոյան


«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ, դժվար է տարբերակում անել, հնչել են, Երևանը չի պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ», - այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Երեկ Բաքվում, Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, թե «ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմի ներդրումն էր։ Սակայն Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Այդ պատճառով Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով Ադրբեջանը ապրիլի 23-ին քայլեր է ձեռնարկել մուտքի վերահսկման գործառույթներն իրականացնելու ուղղությամբ»։

Միրզոյանն այսօր շեշտեց՝ Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել և պայմանավորվածություն ձեռք է բերվել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նոր կարգավորման շուրջ բանակցություններում, Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ, Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։

«Ավելին՝ մենք կարծում են, որ բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները, և սա վերաբերվում է ոչ միայն Լաչինի միջանցքի շուրջ եղած պայմանավորվածությանը, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Այն, ինչ Ադրբեջանը արել և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, հայտարարեց Միրզոյանը՝ վկայակոչելով՝ Արդարադատության դատարանի փետրվարի 22-ի վճիռն Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանը ապրիլի 23-ին փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Փաստացի, Բաքվի այս քայլի հետևանքով Արցախի 4 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG