Ռեջեպ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից ընդամենը 18 օր առաջ մեկ օրով չեղարկում է նախընտրական հանրահավաքները՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին Էրդողանը գրել է այսօր՝ Թվիթերում, նշելով, որ այս քայլին է դիմում բժիշկների խորհրդով։
Թուրքիայի նախագահի՝ քարոզարշավն ընդհատելու որոշմանը նախորդեց երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը, երբ Kanal 7 և Ulke TV հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցի մեկնարկից ընդամենը տասը րոպե անց Էրդողանի ինքնազգացողությունն այն աստիճանի վատացավ, որ նա չկարողացավ շարունակել շփումը լրագրողների հետ։
Այն պահին, երբ Էրդողանի ինքնազգացողությունը վատանում էր՝ տեսախցիկներն ուղղված էին Ulke TV-ի խմբագիր Հասան Օզթյուրքի վրա, որի դեմքի արտահայտությունից պարզ էր՝ կադրից դուրս ինչ-որ արտառոց բան է կատարվում։
Վերջինն, ինչ լսեցին թուրք հեռուստադիտողներն ուղիղ հեռարձակման ընդհատումից առաջ, տղամարդու՝ ենթադրաբար Էրդողանի ձայնն էր, որն ասում էր՝ «վայ-վայ»։
«Ինձ մոտ ստամոքսացավեր էին սկսվել»
Այն, որ Էրդողանի հարցազրույցի հետ մի բան այն չէ, պարզ էր դեռ մինչև դրա մեկնարկը։ Հարցազրույցի հեռարձակումն, ըստ մի շարք արևմտյան աղբյուրների, մեկնարկել էր գրեթե մեկուկես ժամանոց ուշացմամբ։
Հեռարձակման ընդհատումից քիչ անց, սակայն, Էրդողանը վերադարձավ նախագահական նստավայրի այն դահլիճ, որտեղ հավաքվել էին լրագրողները՝ ի վիճակի լինելով ևս մի քանի հարցի պատասխանել։ Այդ ընթացքում, ըստ France 24 ալիքի, Էրդողանն ակնհայտորեն հոգնած տեսք ուներ, նրա աչքերն արցունքակալած էին։ Իր հետ տեղի ունեցածն Էրդողանը բացատրում էր աղիքային ինֆեկցիայով և գերհոգնածությամբ։
«Երեկ և այսօր մենք ակտիվ աշխատանքներ էինք ծավալել նախընտրական արշավի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով ինձ մոտ ստամոքսացավեր էին սկսվել։ Մենք մտածում էինք նույնիսկ այս հարցազրույցը չեղարկելու մասին։ Սակայն, դա կարող էր սխալ ուղերձ հանդիսանալ՝ եթե խոստացել եմ, պետք է գամ», - նշում էր Թուրքիայի նախագահը։
Միջադեպից մոտ մեկ ժամ անց Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Թվիթրում մի հատված հրապարակեց աղմկահարույց հարցազրույցից՝ գրելով նաև, թե «նախագահի առողջական վիճակը բարվոք է»։
Թվիթերի միջոցով Էրդողանին իր լավագույն մաղթանքները հղեց նաև նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ի դեպ Էրդողանից հինգ տարով մեծ է։
Թեկնածուների միջև առկա տարիքային տարբերությունը սակայն բացարձակապես չի զգացվում։ Նախընտրական հանդիպումների ընթացքում 74-ամյա Քըլըչդարօղլուն շատ առույգ է, ձայնն, ի տարբերություն Էրդողանի, զրնգում է, նա անընդհատ տեղաշարժվում է բեմում։ Այդպես էր, օրինակ, երեկ՝ Ստամբուլից մոտ 160 կիլոմետր հարավ գտնվող Ուշակ քաղաքում։
Դիմելով այստեղ հավաքված իր տասնյակ հազարավոր աջակիցներին՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նախ հարկ համարեց հակադարձել Էրդողանի թիմի գլխավոր փաստարկներից մեկին, որի համաձայն, ընդդիմության հաղթանակը թուրքական ռազմական արդյունաբերության՝ նախևառաջ Bayraktar անօդաչուների արտադրության վերջն է նշանակելու։
«Ո՛չ, ինչո՞ւ մենք պետք է նման բան անենք։ Արդյո՞ք թուրքական ռազմական արդյունաբերության հիմնադիրն այս իշխանություններն են՝ իհարկե ոչ։ Այդ ոլորտը հիմնադրվել է 70-ական թվականներին։ Ընդհանրապես պաշտպանական արդյունաբերությունը համազգային խնդիր է, իսկ համազգային խնդիրները չպետք է ամենօրյա ներքին քաղաքականության օրակարգ մուտք գործեն», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն։
Քըլըչդարօղլուն աջակիցների թվով զգալիորեն առաջ է անցել Էրդողանից
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է՝ ընդդիմադիր թեկնածուն իրեն օր օրի ավելի վստահ է զգում, նրա կազմակերպված նախընտրական հանրահավաքների մասնակիցների թիվն էլ գնալով աճում է։
Քըլըչդարօղլուի նման ինքնավստահության պատճառներից մեկը վերջին օրերին հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներն են, որոնց համաձայն, ընդդիմադիր թեկնածուն աջակիցների թվով զգալիորեն առաջ է անցել Ռեջեպ Թայիփ Էրդողանից։
ОCR հետազոտականա կենտրոնի կողմից ապրիլի 24-ին հրապարակած տվյալների համաձայն, եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի օրը, ապա Քըլըչդարօղլուն կստանար քվեների 49,2, իսկ Էրդողանը՝ 42 տոկոսը։
Euronews-ի թուրքական ծառայությունը թեև սեփական հարցումը չի անցկացրել, սակայն ամփոփել է տասը ամենահեղինակավոր ծառայությունների կողմից ապրիլին անցկացված հետազոտությունների արդյունքները՝ հաշվարկելով դրանց միջին ցուցանիշը։ Այդ հաշվարկի համաձայն ևս ընդդիմության թեկնածուն ընտրարշավի առաջատարն է։
Ըստ Euronews-ի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել թուրք ընտրողների 47.5, իսկ Էրդողանի օգտին` շուրջ 44 տոկոսը։ Մի հարցում թուրք սոցիոլոգները միակարծիք են՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը երկրում գրեթե անխուսափելի է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած հարցումների արդյունքներին՝ Էրդողանը պնդում է, թե կհաղթի առաջին իսկ փուլում